Հարցնում էր՝ ո՞նց կարելի է դրանք հանձնել. նոր մանրամասներ Իգլայի գործից
Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր` սեպտեմբերի 23-ին շարունակվեց «Իգլա»-ի գործով դատաքննությունը:
Այսօրվա դատական նիստում ցուցմունք է տվել գործով վկա Համիկ Իխտիարյանը, ով աշխատում է բանկում՝ որպես մասնաճյուղի կառավարիչ: Նա դատարանին հայտնել է , որ ճանաչում է գործով ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին, որը նրան դիմել է վնասված՝ գունավորված թղթադրամների հարցով:
«Հարցնում էր՝ ո՞նց կարելի է դրանք հանձնել: Ես էլ ասեցի, որ հետաքրքրվի, թե որ բանկում են ցածր տոկոսով դրանք վերցնում: Ցույց տվեց վնասված 20 եվրոյանոց թղթադրամ, ասաց, որ ընդհանուր մոտ 4-5 հազար եվրո կա վնասված: Թանաքոտ էին դրանք»,-պատմել է վկան:
Վկան ընդգծում է, որ Հարությունյանը չի հայտնել, թե որտեղից իրեն այդ թղթադրամները:
Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: