18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նահանջելու տեղ չունենք. նամակ Սերժ Սարգսյանին

Մեծարգո նախագահ: Ղարաբաղյան խնդիրը դամոկլյան սրի նման այսօր կախված է մեր խաղաղության ու անվտանգության գլխին: Բոլորիս համար պարզ է ու հասկանալի, որ մեր որդեգրած քաղաքական դիրքորոշումը երբեք չի հասցնի հարցի վերջնական լուծման: Այն կմնա մեր օրակարգում այնքան ժամանակ, մինչև կպայթի նոր պատերազմ: Այն ժամանակ ռազմական նժարը ինչպիսի հաջողություն կբերի և հետևանքներ կունենա մեզ համար… :

Մեր հայտարարություններով, Ադրբեջանի ”ապակառուցողական դիրքորոշում” հասկացությունը ի զորու չէ խնդրի վերջնական լուծման հասնելու, որևէ ճանապարհ բացելու համար: Մեր պատմությունը ցույց է տվել, որ ”աղերսագրերով” մեծ տերությունների դռները գնալով ոչնչի չենք հասնի: Ինձ համար վիրավորական է, որ մենք դառնում ենք խաղաքարտ հզորների ու նաև թշնամու ձեռքին:

Ի հակադրություն մեզ` Ադրեբեջանը առհամարհում է աշխարհի կարծիքը և որդեգրել է քաղաքական կոշտ դիրքորոշում. այն է հարցը միայն ռազմական ճանապարհով լուծելու սեփական ուղին ընտրել: Անհերքելի է, երբ ռազմական հզորության մեջ վստահ լինի, ապա պատերազմն անխուսափելի է: Իսկ Ադրբեջանը մեզ համար ոչ մեծ է, ոչ էլ հզոր: Նա էլ աշխարհի քարտեզի վրա ընդամենը մի կետ է: Համոզված եմ, որ Հայաստանից արտագաղթի հիմնական պատճառներից մեկը նաև ժողովրդի հոգեկան այս անորոշ վիճակն է:Ժամանակն է փոխելու մեր քաղաքական կեցվածքը:

”Ակն ընդ ական”: Ադրբեջանին պետք է հակակշռել իր մեթոդը: Պաշտպանությունից պետք է անցնել հարձակաման: Մենք էլ պետք է պատասխանենք ”պատերազմով” ու առիթի դեպքում լինենք նախահարձակ: Մեր յուրաքանչյուր սահմանապահ զինվորի մահը պատերազմի հայտարարություն է, սահմանամերձ գյուղերի ռմբակոծումը` պատերազմական իրավիճակ, Ստեփանակերտի օդանավակայանի չշահագործումը` պատերազմական դրություն, մարդասպանին հերոսացնելը` թշնամու կերպարի ծայրահեղ բնութագիր:

 Էլի շատ բաներ, որ Դուք գիտեք: Մենք գտնվում ենք թշնամիների օղակում: Օղակից դուրս գալու միակ ելքը պատերազմն է ու դրանով հաստատուն ու վերջնական խաղաղություն ունենալը: Միևնույնն է. թեժացող մթնոլորտը ուշ թե շուտ բռնկվելու է: Իմ այս խոսքերը թող չընդունվի, թե ես հանդես եմ գալիս պատերազմ սկսելու կամ քարոզելու կոչով:

Համոզված եմ, որ այսօր մենք պետք է կոշտացնենք մեր քաղաքական կեցվածքը:Ես հպարտություն ապրեցի և ինձ ավելի զորեղ զգացի, երբ Դուք առաջ քաշեցիք սահմանին թշնամու գնդակից զոհված յուրաքանչյուր կյանքի համար ոչ թե համարժեք, այլ առավելագույն պատասխան տալը, կամ Սյունիքում արած Ձեր այն հայտարարությունը, որ նոր պատերազմը նշանակում է Ադրբեջանի կործանում: Մենք ակնկալում ենք շարունակություն: 

Միջազգային հանրությունը մեզ չի կարող մեղադրել, եթե մենք թշնամուն հակադրվենք իր ձևով: Վերջնագրերի լեզվով խոսելը մեզ համար ավելի պատվաբեր է և հեռանկարային: Խնդրողից պետք դառնանք պահանջող: Այս դեպքում աշխարհը կհարգի նաև մեր երբեմնի ”խնդրագրերը”: Վստահ եմ, որ այս դեպքում բանակցությունների գործընթացը տեղաշարժ կունենա և մենք կշահենք որոշ ենթահարցերում:

Այս ամենից հետո միթե՞ կարելի է ակնկալել հայ-ադրբեջանական խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու հնարավորություն: Մյուս կողմից` գերտերությունները, ինչպես նաև եռանախագահող երկրները բացի հորդորներից ոչ մի կոնկրետ քայլերի չեն դիմել բանակցություններին առաջընթաց հաղորդելու նպատակով: Հարցի լուծման հույսը մեր մեջ է` Հայաստան- Ղարաբաղ- սփյուռք միասնության մեջ: Մեր սպասողական կեցվածքը ձեռնտու է միայն Ադրբեջանին:

Բանակցությունների նստելով ու միևնույն ժականակ այն փակուղի տանելով Ադրբեջանը շահում է ժամանակ իր ռազմական հզորությունը մեծացնելու և հարմար պահը օգտագործելու համար: Մենք չպետք է կրկնենք 1994 թվականի սխալը, որտեղ հաղթող երկիրը հրադադար է կնքում ու վերջնական հաղթանակը զրոյի հավասարեցնում: 

Միջազգային հանրության կարծիքը անազնիվ ձևով ներկայացնելը ձեռնտու է միայն Ադրբեջանին, իսկ մեզ համար դա կմնա միայն կարծիք: Կարծիքը գործնական մոտեցում չի ապահովում: ”Անգլիական (եվրոպական) նավերը կովկասյան լեռները բարձրանալ չեն կարող”: Ռուսական սվինը մեր պարագայում պատյանից դուրս չի գա, բացահայտ երկուստեք կհորդորի հարցը լուծել խաղաղ ճանապարհով: Իհարկե, այստեղ կարևոր է նաև մեր ճկուն քաղաքականությունը:Ավելի լավ է խաղաղության պարանը մեր կողմից կտրվի, քան թշնամու:Չեմ կարծում, թե Արցախի հարցի լուծման ձգձգումը մեր օգտին է:

Մեր ռազմական հզորությունը ավելի մեծ է, սակայն հավերժական ոչինչ չկա, իսկ քաղաքական դաշտը կարող է կտրուկ փոխվել կարճ ժամանակում: Այս դեպքում Ադրբեջանը երբեք հնարավորությունը ձեռքից բաց չի թողնի: Այսօր այդ հնարավորությունը մեր ձեռքին է: Հայկական հարցը բազմաթիվ չլուծված խնդիրներ ունի: Դրանցից ոչ մեկից հրաժարվել չենք կարող ու իրավունք չունենք:

Դրանք միայն չենք քաղաքականացնում, սակայն այն մեր մեջ է ու սպասողական ենք:Խաղաղությունը ինձ համար բարձրագույն հասկացություն է: Ինձ համար սրբություն է իմ հայրենիքը, նրա ապագան, մեր ազգային հարցերը, այն մի բուռ հողակտորը, որի վրա ապրում ենք ու նրա վաղվա հաստատուն խաղաղությունն եմ ակնկալում: Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ անկայուն վիճակը ապագա չունի: Հզոր երկիրն ու ժողովուրդն է տևական խաղաղություն ապահովում:

Մենք կհզորանանք բազմապատիկ, եթե Արցախի այս քաշքշուկը վերջնական լուծում ստանա: Այսօրվա խաղաղասերի քաղաքական դիրքորոշումը երբեք հարցի լուծման բանալի չի կարող լինել: ՈՒստի մենք կանգնած ենք մեր քաղաքականությունը կոշտացնելու հրամայականի առաջ: Մենք պետք է ապահովենք խաղաղությունը, ոչ թե զսպենք պատերազմը: Նահանջելու տեղ չունենք: Ադրբեջանը ղարաբաղյան խնդրին մոտենում է որպես տարածքային հարց: Դուք արդեն բարձրացրել եք Նախիջևանի խնդիրը: Այս տեսանկյունից կարծում եմ պետք է օրակարգ բերել Նախիջևանի հարցը:

Այն պետք է զուգահեռել Արցախի տարածքների հետ:Իմ հայրը` Մուրադ Ապինի Անտոնյանը Մեծ հայրենականի մարտերում հասել է մինչև Բեռլին: Մեծ տղաս իր պարտադիր զինվորական ծառայությունն անցկացրել է ”Մարտունի 2” զորամասում, իսկ կրտսեր տղաս այժմ ծառայում է N 25651 զորամասում: Ես ծառայել եմ ԽՍՀՄ զինված ուժերում: 

Մտավորականի իմ շատ համեստ գործունեությունը արտահայտվում է չորս տպագիր գրքույկներով (երեքը պատմագիտական), զբաղվել եմ նաև քարարվեստով (Բրյուսելում ցեղասպանության զոհերի հուշարձան-խաչքարը), աշխատել եմ ուսուցիչ, թանգարանում գիտաշխատող և այլն: Ապրում եմ տարատեսակ աշխատանքային միջոցներով, ազգային հոգսերին ականջալուր: 

Մեծարգո նախագահ: Համոզված եմ, որ վճռականությունն ու համարձակությունը մեզ համար վտանգավոր լինել չի կարող: Այն նոր դրական տեղաշարժ կխոստանա: Նույնն է Ռոբերտ Քոչարյանի ցեղասպանությունը քաղաքականություն դարձնելու համարձակ քայլը: Սա էլ դրան համարժեք հասկացություն է: Համարձակ հայտարարություններն ու պահանջները նաև ժողովրդի ոգու բարձրացման գրավական է: Ես քաղաքականագետ չեմ:

Այս կարծիքը կիսում է նաև մեր հասարակության ստվար մասը:Մեզ համար մեծ պատիվ եմ համարում Ձեր ազգային քաղաքական կերպարը: Պատմությունն է սրբագրելու Ձեր արածի ու չարածի ճշմարտացիությունը: Ձեզ ցանկանում եմ հաջողություններ և ակնկալում նոր նվաճումներ: 

Խորին հարգանքով` Գագիկ Անտոնյան ( Գագիկ Հառիճեցի) Չարբախ, Արարատյան փող. 62/2, բն. 703

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ