Արթուրը հետաքրքրվել է քրեական հեղինակության սպանության գործով. վկա
Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է 2015 թվականի աշնանը Նորքում վնասազերծված զինված խմբի գործով դատական նիստը։
Այսօրվա նիստում ցուցմունք տվեց նաև վկա Փայլակ Շմավոնյանը: Վկան հայտնեց, որ ինքը հետաքննիչ է և իրեն Արթուր Վարդանյանի հետ ծանոթացրել է իր համակուրսեցին:
« Արթուրի հետ ընկերս ծանոթացրեց, ծանոթացանք Սպիտակ քաղաքում: Ընկերս հրավիրել էր հաց ուտելու: Ինձ էլ հարմար էր՝ գնացի: Մի քանի ժամ նստել ենք Արթուրի հետ, հաց ենք կերել, ընդունել ենք, որպես սփյուռքահայ: Հետո նրան բերել ենք Երևան, Երևանում մի քանի անգամ հանդիպել ենք, խոսել ենք առօրյա հարցերից: Դեպքի մասին իմացել եմ հեռուստացույցից ու զարմացել եմ, բայց առանձնապես չեմ ճանաչել նրան»,-պատմեց վկան:
Մեղադրողի հարցին ի պատասխան , թե աշխատանքին առնչվող հարցեր տվել է արդյոք Արթուր Վարդանյանը, վկան արձագանքեց. «Էջմիածնում քրեական հեղինակության սպանություն էր եղել: Արթուրը հետաքրքրվեց նրա սպանության հանգամանքներով: Խոսքը ՝ Էջմիածինցի Հայկարամի սպանության մասին է»:
Վկան ընդգծեց, որ Արթուր Վարդանյանը առանձնապես արտառոց հարցեր չի տվել:
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արթուր Վարդանյանը 2015թ. ապրիլից ստեղծել ու ղեկավարել է ՀՀ քաղաքացիներից կազմված հանցավոր համագործակցություն, կազմակերպված խմբի կազմում ապօրինի կերպով ձեռք է բերել, պահել, փոխադրել եւ կրել մեծ քանակությամբ զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր, պայթուցիկ սարքեր` նպատակ ունենալով Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը յուրացնել: Այսինքն` զավթել` բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքով, ինչը ավարտին չի հասցվել նրա կամքից անկախ հանգամանքներում, քանի որ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված անձինք բացահայտվել ու 2015թ. նոյեմբերի 25-ին վնասազերծվել են Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից:
Հայր Անտոն Դիկրան Թոթոնջյանն էլ 2015թ. ապրիլից անձնապես ծանոթացել է Իսպանիայից ժամանած Արթուր Վարդանյանի հետ, մասնակցել է վերջինիս կողմից ստեղծված ու ղեկավարած հանցավոր համագործակցությանը` ֆինանսավորելով այն:
Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, Գառնիկ Մարգարյանը, Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գեւորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը նույնպես միացել են Արթուր Վարդանյանին:
Նրանց բոլորին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի (Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը), 235-րդ հոդվածի 3-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, կատարվել են կազմակերպված խմբի կողմից) եւ 35-300-րդ հոդվածի 1-ին մասով (Իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն):