Աշխարհի ամենեն գեղեցիկ երկիրը մեր Հայաստանն է․ 96-ամյա բարերարի անկեղծ բացականչությունը Գյումրիում /ֆոտո, տեսանյութ/
Այսօր Գյումրիում բացվեց Նյու-Յորքում բնակվող հայ բժիշկ, մեծ բարերար Հովհաննես Օյունջյանի ֆինանասկան աջակցությամբ կառուցված «Աղավնի» արհեստի կենտրոնն ու հարակից հյուրատունը։ Այս իրադարձությանը մասնակցում էին նաև վարչապետ Կարեն Կարապետյանը, տարածքային կառավարման ու զարգացման նախարար Դավիթ Լոքյանը։
«Աղավնի» արհեստի կենտրոնը Հովհաննես Օյունջյանի հերթական բարեգործության արդյունքն է: Նյույորքաբնակ հայ բժիշկը 1988-ից հետո հիմնեց «Օյունջյան» բարեգործական հիմնադրամը, որը անցած 20 տարիների ընթացքում Գյումրիում շուրջ 7 մլն դոլարի ներդրում է կատարել, 2000թվականին, հիմնանորոգումից հետո, բացվել է «Օյունջյան» թիվ 21 դպրոցը, 2014-ին` «Վարդուհի» արվեստի դպրոցը, իսկ «Աղավնի» արհեստի կենտրոնի ու հարակից հյուրատան կառուցման աշխատանքներն իրականացվել են երկու տարիների ընթացքում:
Ողջունելով ներկաներին Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը նշեց. «Նվիրումով, անշահախնդիր ծառայում եք մեր ժողովրդին, մատաղ սերունդներին, ստեղծում եք հնարավորություններ, որ երեխաները ուսում ստանան, արվեստների ու արհեստների հմուտ մասնագետներ դառնան, կերտեն իրենց ապագան, մնան մեր հայրենիքում, ծաղկեցնեն այն, չլքեն ու օտար ափեր չգնան, դա է ամենակարևորը»:
Մեծ բարերարը իր խոսքում նշեց․«Տարիքս փոքր չէ, արդեն 96 տարեկան եմ, ծնված եմ Թուրքիո, ապրած Ամերիկայի մեջ և շրջած եմ ամբողջ աշխարհը, երազներիս մեջ, սակայն միշտ հայրենիքս է եղել: 1988 թվի երկրաշարժը ցնցեց ինձ, այն ժամանակ ես ուզեցի գալ Գյումրի»,-ասաց բարերարը։ Նա նշեց, որ այս ամենն անում է երեխաների համար, որպեսզի նրանք մնան իրենց հայրենիքում ու ծաղկեցնեն այն։ «Աշխարհի ամենեն գեղեցիկ երկիրը մեր Հայաստանն է», -բացականչեց բարերարը: Նրա խոսքերը հուզեցին ներկաներին, Վարչապետն էլ հիացմունքով, շնորհալակություն հայտնեց դոկտորին ու ծափահարում էր:
Նշենք, որ միջոցառման ժամանակ տեղի ունեցավ նաև Հովհաննես Օյունջյանի կիսանդրու բացման արարողությունը, որի հեղինակը նրա հիմնած դպրոցի սանն է: