«Ելք»-ը պաշտոնապես շրջանառության մեջ դրեց
«Քիչ առաջ ԱԺ-ում պաշտոնապես շրջանառության մեջ դրեցինք «Ելք» խմբակցության նախաձեռնությունը՝ ԵԱՏՄ-ից դուրս գալու գործընթաց սկսելու վերաբերյալ եզրակացություն տալու հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին: Հանձնաժողովը պետք է, ըստ էության, եզրակացություն տա հետևյալ հարցի վերաբերյալ. ի՞նչ ստացանք մենք և ինչ կորցրեցինք ԵԱՏՄ-ին անդամագրվելով, և որքանով է հետագա անդամակցությունը բխում մեր երկրի ռազմավարական շահերից», – իր ֆեյսբուքյան էջում նման գրառում է կատարել «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
Արդեն լրագրողների հետ զրույցում «Ելք» խմբակցության անդամ Էդմոն Մարուքյանը նշեց, որ իրենց ուղերձն այն է, որպեսզի իշխանությունները ու ընդդիմախոսները այդ հանձնաժողովում կարող են հիմնավորել, որ իրենք ճիշտ են, որ ԵԱՏՄ-ում մեր մնալը օգուտ է ու բխում է մեր պետական շահերից, իսկ «Ելք»-ը սխալ է»: Մարուքյանը հույս հայտնեց, որ իշխանությունները կգնան հանձնաժողովի ստեղծմանը: Պատգամավորն ասում է,որ ԱԺ կանոնակարգ օրենքը ժամանակավոր հանձնաժողովներին գործելու մեծ հնարավորություններ է տալիս. այն կարող է հարցումներ անել պատկան մարմիններին, տալ փորձագետների առաջադրանքներ, կատարել ուսումնասիրություն եւ եզրակացություն տալ։ Ի դեպ, «Ելք» ում ակնկալում են, որ հանձնաժողովի ձևավորումից հետո կհաջողվի նաեւ խորհրդարանում Հայաստանի` ԵԱՏՄ-ի անդամակցության մասին լսումներ անցկացնել: