Տարեցտարի դժվարանում է պահել ծնունդների թիվը․ 20-ամյա ծննդատան հիմնական խնդիրը /ֆոտո, տեսանյութ/
Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոնը» նշեց գործունեության քսանամյակը, ինչի կապակցությամբ կենտրոն այցելեցին Հայ Օգնության Միության կենտրոնական գրասենյակի ներկայացուցիչները:
Կենտրոնը գործունեությունը սկսել է 1997 թվականից՝ Հայ Օգնության Միության աջակցությամբ: Հենց ՀՕՄ-ուհիների ներդրած գումարի ու ջանքերի շնորհիվ է, որ այսօր Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնը համարվում է մարզում լավագույներից մեկը: ՀՕՄ-ուհիները պարբերաբար այցելում են՝ փորձում էլ ավելի հագեցնել բուժսարքավորումները: Հատկապես կարևորելով, որ հայոց ազգի համար կարևոր է առողջ երեխաների ծնունդը:
Ախուրյանի մոր և մանկան առողջության կենտրոնի բժիշկներն էլ հիմա մեկ խնդիր ունեն. <<Պահպանել ծնունդների թիվը: Ամեն տարի պակասում է ծնունդների թիվը, դրա հետ միաժամանակ չեն պակասում սելեկտիվ աբորտների քանակը` սեռով պայմանավորված: Ինչքան էլ փորձում են համոզել հղիներին, այնուամենայիվ, հատկապես երրորդ, չորրորդ երեխա ունենալը, խնդիր է>>, -Henaran.am-ի հետ զրույցում նշեց կենտրոնի փոխտնօրեն Վահրամ Միրզոյանը:
Նաև նշվեց, որ այս տարի ծնունդների թիվն է պակասել ու սա պայմանավորված է ոչ միայն արտագաղթով, այլև նրանով, որ հիմա առավելապես ծննդաբերում են 1995 թվականին ծնված մայրերը, իսկ այդ տարում Հայաստանում գրանցվել է ամենաքիչ ծնունդները:
Քսան տարիների ընթացքում բժշկական կենտրոն այցերի թիվն հասել է 145 հազարի: Ծննդաբերությունների թիվը մոտ 14 հազար է: Բարեգործական, շահույթ չհետապնդող առողջապահական այս հիմնարկությունը բժշկական ծառայություններ է մատուցում Ախուրյանի ու շրջակա 6 գյուղերի շուրջ 22 հազար բնակչությանը:
Մանրամասները տեսանյութում: