Նշանակում է ձայնորսիչ սարքը կողմնակա՞լ է.«Սասնա ծռեր»-ի դատը չի մեկնարկում
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Սասնա ծռեր»-ի 18 անդամների գործով դատավարությունը:
Նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանը նիստը դեռ չսկսած հայտարարեց, որ այն հետաձգվում է 30 րոպեյով, քանի որ փաստաբանները ժամանակին չեն ներկայացել:
Ընդմիջումից հետո դատավորը նկատեց, որ մի քանի պաշտպաններ չեն ներկայացել: Փաստաբան Լուսինե Սահակյանը հայտարարեց, որ պաշտպանները գտնվում են դատարանում և պարզապես նրանց թույլ չեն տալիս ներս մտնել, քանի որ վերջիններս հրաժարվում են խուզարկության ենթարկվել:
Լուսինե Սահակյանը փաստեց, որ հատկապես բացասական վերաբերմունք է ցուցաբերվում Մուշեղ Շուշանյանին:
«Նշանակում է ձայնորսիչ սարքը կողմնակա՞լ է »,-հարցադրում արեց դատավորը:
«Ոչ միայն սարքը, կարգադրիչները նույն պարունակությամբ պայուսակով մի օր ինձ ներս է թողնում, իսկ հաջորդ օրը՝ ոչ: Անհասկանալի է այս պահանջները »,-արձագանքեց Լուսինե Սահակյանը:
Փաստաբան Ինեսա Պետրոսյանն էլ նկատեց. «Մենք եկել ենք այստեղ մարդ պաշտպանելու, ոչ թե ձեռքերս բարձրացրած ներս մտնելու ու խուզարկվելու»:
Նշենք, որ 18 ամբաստանյալներն էլ չեն մասնակցում նիստին: Նրանց վրա դատավորը սանկցիա է կիրառել:
Հիշեցնենք, որ այս գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, սակայն նիստերն արտագնա են անցկացվում, քանի որ այնտեղ դահլիճը փոքր է: Արտագնա նիստն ընթանում է Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Ըստ մեղադրական եզրակացության՝ 2016թ. հուլիսի 17-ին ժամը 05:00-ի սահմաններում կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ոստիկանության Երեւանի վարչության պարեկապահակետային ծառայության գնդի վարչական շենքերի վրա՝ Խաչատուր Գիչյանի տրամադրած «ԿՌԱԶ-256 Բ1» մակնիշի բեռնատարով հարվածելով կոտրել են գնդի վարչական տարածքի մուտքի գլխավոր դարպասներն ու քանդել կից պարիսպի մի հատվածը, իրենց մոտ ապօրինի պահվող հրազենի գործադրմամբ, ներխուժել են գնդի տարածք, զավթել եւ պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաեւ նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության աշխատակիցների։