29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

2018-ի ապրիլին ՀՀԿ-ն ՀՅԴ-ի հետ միասին նոր կառավարություն կձևավորի. Էդուարդ Շարմազանով

«Այս կառավարության վարչապետի փոփոխության հարց չկա, որովհետև դե յուրե այս կառավարությունը գործելու է մինչև ապրիլ և այս կառավարության փոփոխության հարց չկա: Մենք նման օրակարգ չունենք: Բայց դե յուրե 2018-ի ապրիլից հետո, երբ Հայաստանն ամբողջությամբ անցնի խորհրդարանական համակարգի, բնականաբար ՀՀԿ-ն իր կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ի հետ միասին պետք է նոր կառավարություն ձևավորի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց  ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար  Էդուարդ Շարմազանովը:

Աժ փոխնախագահը ընդգծում է՝ ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանը. «Թե այդ ժամանակ ինչպիսի վարչապետ, փոխվարչապետեր ու նախարարներ կունենանք, ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում ես մնում եմ իմ կարծիքին, որ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետ, քաղաքական պատասխանատվությունը չի փոխվելու, դա ՀՀԿ-ն է մինչև 2022 թվականը, քանի որ ՀՀԿ-ն ստացել է վստահության այդ մանդատը: Բոլոր ժողովրդավարական երկրներում, որտեղ գնում են պառլամենտական համակարգի քաղաքական թիմերն են պատասխանատու: Բնականաբար անկախ վարչապետի անձից պատասխանատուն լինելու է ՀՀԿ-ն՝ նախագահ Սարգսյանի գլխավորությամբ»,- ընդգծեց Շարմազանովը։

Էդուարդ Շարմազանովը նկատում է, որ Վազգեն Սարգսյանի կառավարությունից մինչև այսօր, ինչքան կառավարություն էլ եղել է՝ Վազգեն Սարգսյան, Արամ Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան, Սերժ Սարգսյան,Տիգրան Սարգսյան, Հովիկ Աբրահամյան և Կարեն Կարապետյան, քաղաքական պատասխանատուն իր դրական և բացասական կողմերով եղել է ՀՀԿ-ն:

«Մենք նաև մեր բացասական կողմերի համար են պատասխանատվություն կրում: Կարճ ասած՝ պատասխանատուն քաղաքական մեծամասնությունն է, այսինքն այն ուժը, ով ունի քաղաքական մեծամասնություն»,-մեկնաբանեց Էդուարդ Շարմազանովը:

Անդրադառնալով հարցին, թե Կարեն Կարապետյանը արդյոք ՀՀԿ-ի համար անքննելի թեկնածու է, Աժ փոխնախագահը ասաց.«Նախ այսօրվա վարչապետը ունի բոլորովին այլ լիազորություններ, ինչ պետք է ունենա ապագա վարչապետը: Այդ իմաստով խնդրում եմ հակասություն չտեսնել Կարեն Կարապետյանի և հանրապետականի միջև: Այսօր մենք դեռևս կիսանախագահական պետություն ենք և հանրապետության նախագահը իր ձեռքերում շատ լուրջ լիազորություններ ունի: 2018 թվականից հետո, երբ հանրապետության նախագահը ուղիղ չի ընտրվի, այլ կընտրվի ԱԺ-ի կողմից այդ ֆունկցիաների մեծ մասը կանցնի կառավարությանը, կառավարության ղեկավարին, քաղաքական մեծամասնությանը: Հետևաբար չի կարելի նույնացնել այսօրվա վարչապետի գործառույթները ապագա վարչապետի գործառույթների հետ: Նաև պետք չի մեր հարգարժան գործընկեր  և կուսակցական ընկեր Կարեն Կարապետյանին առանձնացնել ՀՀԿ-ից: Մենք մի թիմ ենք և ունենք մեկ ղեկավար՝ Սերժ Սարգսյանն է, իսկ Կարեն Կարապետյանն էլ մեր թիմի առանցքային ներկայացուցիչներից մեկն է: Ինչպիսի որոշում էլ կայացվի, այն կլինի այնպիսին, ինչպիսին տվյալ դեպքում պլյուսներն ու մինուսները հաշվի առնելով կբխի պետության շահից»:

Հարցին, թե հնարավոր է կայացվի այնպիսի որոշում, որը կբերի ներկուսակցական բախման, Էդուարդ Շարմազանովը արձագանքեց.«Ո՛չ, վարչապետ կլինի նա, ով լավագույնս կիրականացնի անվտանգության գործառույթները, արտաքին քաղաքական գործառույթները և բնականաբար դէ ֆակտո պետության ղեկավարի գործառույթները»,-եզրափակեց Աժ փոխնախագահը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ