Ուղղորդված քննություն է կատարվում, գյուղացու առևտուր է.Սամվել Բաբայան
Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Սամվել Բաբայանի և մյուսների գործով դատաքննությունը: Քիչ առաջ ցուցմունք տվեց վկա Վրեժ Առաքելյանը:
Առաքելյանը նշեց, որ ճանաչում է ամբաստանյալ Դավիթ Հարությունյանին: Վկայի խոսքով՝ Դավիթը իրեն տեղեկացրել է, որ 5 հազար եվրո գումար ունի, որի վրա լաքաներ կան և հարկավոր է բանկում նշված գումարը փոխանակել:
Վկան նշեց, որ ինքը բանկում ծանոթ չունի, նախկինում նման դեպքի չի առնչվել. «Դավիթը ընկերս է ու բնական է, որ իմ հետ կարող էր նման հարց քննարկել, սակայն ես ասել եմ, որ դրանից բան չեմ հասկանում»:
Ամբաստանյալ Սամվել Բաբայանը տեղից հայտարարություն արեց. «Ուղղորդված քննություն է կատարվում, գյուղացու առևտուր է: Ես դա լավ եմ հասկանում»:
Նշենք, որ Արմեն Պողոսյանն էլ մեղադրանք է առաջադրվել մի խումբ անձանց հետ` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ձեռք է բերել, փոխադրել և պահել ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր:
Ժորա Զաքարյանին և Դավիթ Հարությունյանին Կարեն և Անդրանիկ Քոչարյաններին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-190-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Արմեն Պողոսյանին՝ 235-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նշենք, որ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու (փողերի լվացում), ինչպես նաև ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու գործով անցնում են 7 մեղադրյալ, և նրանցից երեքը՝ Սամվել Բաբայանը, Սանասար Գաբրիելյանը և Արմեն Պողոսյանը գտնվում են կալանքի տակ, իսկ մյուս չորսի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը: