Ի՞նչ վիճակում են Շամիրամում կրակոցներից վիրավորվածները
Շամիրամ գյուղում օգոստոսի 1-ին հնչած կրակոցների հետեւանքով Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն տեղափոխված 3 վիրավորները մի քանի օրից դուրս կգրվեն հիվանդանոցից։ Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում հայտնեցին հիվանդանոցի լրատվական ծառայությունից ։
Տոսուն եւ Խըդր Սմոյաններն ու Ֆայզու Օզմանյանը Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել են հիվանդասենյակ, նրանց վիճակն այժմ բավարար է։
Ավելի վաղ ոստիկանությունը հաղորդել էր, որ նախնական տվյալով, 2017թ. օգոստոսի 1-ին 4 Թելման Քալաշյանը ժամը 09:30-ի սահմանում գումարային հարցերի շուրջ հեռախոսազրույց է ունեցել իր ազգականի հետ՝ վերջինի բարեկամներին տված պարտքով գումարը ստանալու պահանջով, որը վերածվել է վիճաբանության: Այնուհետև՝ Թելման Քալաշյանը, իմանալով, որ ազգականը բարեկամներն ու ընկերները գտնվում են Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կից տեղակայված սգո սրահում, իր վարած «VAZ 21214» մակնիշի ավտոմեքենայով ժամանել է նշված վայր: Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Թ. Քալաշյանը մուտք է գործել սգո սրահ, հայհոյանքներ հնչեցրել, ապա՝ իր մոտ գտնվող հրազենով կրակոցներ է արձակել սրահում գտնվող բազմաթիվ անձանց ուղղությամբ, որի հետևանքով 4 անձ մահացել է, 7-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հանցավոր մտադրությունն իրականացնելուց հետո Թելման Քալաշյանն իր ավտոմեքենայով դիմել է փախուստի:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ քննիչը որոշում է կայացրել Թելման Քալաշյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 1-ին մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Վերջինիս հորեղբայրը ձերբակալվել է՝ հանցագործությունը պարտակելու կասկածանքով: