Համանախագահների հայտարարությունը՝ ՀՀ եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը Ռուսաստանի Դաշնությունից, դեսպան Ստեֆան Վիսկոնտին Ֆրանսիայից և դեսպան Ռիչարդ Հոգլանդն ԱՄՆ-ից) հայտարարություն են տարածել Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպման արդյունքներով:
Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, որ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են հուլիսի 11-ին Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ, որպեսզի քննարկեն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ հետագա աշխատանքի ընթացքը: Հանդիպմանը մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախարարները համաձայնել են փոխանցել իրենց նախագահներին ավելի ուշ՝ այս տարվա ընթացքում նախագահների մակարդակով հանդիպման մասին համանախագահների առաջարկը: Համանախագահներն իրենց օգնությունն են առաջարկել հանդիպման կազմակերպման հարցում:
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել է նաև շփման գծում ներկայիս իրավիճակը:
Նախարարները և համանախագահները համաձայնել են կրկին հանդիպել սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 72-րդ նստաշրջանի շրջանակում: