Իրանի նախագահը որոշել է Գլխավոր ասամբլեայի հարթակն օգտագործել իր դիրքորոշումները պարզելու համար
Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը մի քանի կտրուկ հայտարարություններ է արել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում` մինչեւ ընդհանուր քաղաքական քննարկումների սկսվելը, որոնցից առանց այն էլ շատ անակնկալներ են սպասում: ԻԻՀ-ան քաղաքական առաջնորդը վերջին անգամն է այս պաշտոնում ժամանել Նյու Յորք եւ որոշել է Գլխավոր ասամբլեայի հարթակն ամբողջությամբ օգտագործել իր դիրքորոշումները պարզելու համար, գրում է “Эксперт”-ը:
Ահմադինեժադը մասնավորապես նշել է, որ հարկավոր է այնպես անել, որ Գլխավոր ասամբլեան դառնա միակ միջոցը` աշխարհում կարգուկանոն հաստատելու համար, որ գլոբալ հարցերի քննարկմանը պետք է մասնակցի յուրաքանչյուր երկիր: Ահմադինեժադի կարծիքով` սխալ է, որ վետոյի իրավունք ունեն միայն Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամները: “Բոլոր երկրները պետք է աշխարհը ղեկավարելու հավասար հնարավորություններ ուենան”,-հայտարարել է Իրանի նախագահը:
Ֆորումի քննարկումների շրջանակներում, որպես կանոն, ելույթ են ունենում բոլոր պատվիրակությունների ղեկավարները` նախագահները, վարչապետները կամ ԱԳ նախարարները: Սպասվում է, որ ելույթներն, ինչպես միշտ, սուր եւ վառ կլինեն: Գլխավոր քննարկվելիք թեմաներն են սիրիական ճգնաժամը, Իրանի միջուկային ծրագրերը, Իսրայել-Պաղեստին հակամարտությունը եւ գլոբալ անվտանգության խնդիրները:
Հիշեցնենք, որ Գլխավոր Ասամբլեայի 67-րդ նստաշրջանին Հայաստանը ներկայացել է ԱԳ մակարդակով: