27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ժողովրդական երգիչ Հրանտ Մուրադյանի սիրտն ազա՞տ է

Ժողովրդական երգիչ, երիտասարդ աշուղ Հրանտ Մուրադյանը երգել սկսել է մանկուց, բայց բեմ է դուրս եկել ավելի ուշ ՝ 21-22 տարեկանում: Նա, իհարկե, մինչ այդ մասնակցել է մրցույցթների, զբաղեցրել պատվավոր հորիզոնականներ: Պարզվում է՝ Հրանտ Մուրադյանը մինչև երգարվեստի ոլորտ մուտք գործելը՝ հասցրել է սովորել Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում, այնուհետև հասկացել է՝ իր առաքելությունն այլ է. պետք է երգի և ստեղծագործի:

«Կար ժամանակ, որ անգամ ուզում էի նկարիչ դառնալ, քանի որ նկարչությունն ու գծագրությունն ինձ մոտ լավ էին ստացվում: Այնուհետև ես աստիճանաբար մուտք գործեցի երգարվեսի ասպարեզ, թեև պետք է ասեմ, որ մինչ այդ էլ էի երգում: Երևանի ինֆորմատիկայի պետական քոլեջում ուսանելու տարիներին մասնակցել եմ «Գարուն» երիտասարդական փառատոնին՝ զբաղեցնելով առաջին հորիզոնականը: Թեև նախկինում էլ էի ստեղծագործում, բայց հետո սկսեցի ավելի ակտիվորեն զբաղվել դրանով: Լսելով մտերիմներիս խորհուրդը՝ ես որոշեցի զբաղվել երգարվեստով: Այնուհետև սկսեցի լրջորեն ուսումնասիրել երաժշտարվեստը, իսկ ավելի ուշ դարձա աշուղների միության անդամ: Երաժշտական կրթություն ստացել եմ Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջում, իսկ այժմ սովորում եմ Հայկական պետական մանկավարժական համալսարանի մագիստրատուրայում ՝ մեներգեցողություն և խմբավարություն բաժնում», – Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց Հրանտ Մուրադյանը:

Վերջինս շեշտեց՝ իր երգերից առավել հայտնի են նրանք, որոնք մասնակցել են «Շանթ» հեռուստաընկերության «Պրեմիերա» նախագծին: «Այդ նախագծից հետո առավել հայտնի դարձան իմ՝ «Էլ չեմ գտնի» ու «Չունեմ ճար» ստեղծագործությունները», – նշեց Հրանտ Մուրադյանը: Ընդգծենք՝ Հրանտ Մուրադյանը հասցրել է շրջագայել ՌԴ-ում ու Վրաստանում: «Իսկ եվրոպական երկրներում շրջագայությունների առաջարկներ կան, բայց դեռևս հստակ չէ, քննարկումներ են ընթանում: Պետք է որ ամեն ինչ լավ լինի», – նշեց Հրանտ Մուրադյանը: Մեր հարցին՝ Հրանտ Մուրադյանի սիրտն ազա՞տ է, վերջինս պատասխանեց. «Այո՛, ազատ է: Ես իդեալներ չեմ կերտում: Չի կարելի միանշանակ ասել, թե նա ինչպիսին պետք է լինի: Պետք է ուղղակի զգաս, որ այդ մարդու հետ կարող ես ապել մի ամբողջ կյանք», – ընդգծեց Հրանտ Մուրադյանը:

Ժողովրդական երգիչը վստահ է՝ յուրաքանչյուր մարդ ունի տաղանդ, պարզապես շատերը չգիտեն իրենց տաղանդի մասին, բացի այդ՝ այն հարկավոր է հղկել: «Իմ հորական ու մոտական կողմում կան երգողներ: Ժողովրդական երգիչ Գրիգոր Միրզոյանն իմ մորաքրոջ որդին է, Հորություն Մուրադյանը՝ եղբայրս: Հայրս էլ է երգել, պապիկս էլ», – նշեց երգիչը: Ռուս հանճարեղ գրող Անտոն Չեխովը, ով մասնագիտությամբ բժիշկ էր, մի առիթով ասել է. «Բժշկությունն իմ կինն է, իսկ գրականությունը՝ սիրուհիս»: Փորձեցինք ճշտել՝ Հրանտ Մուրադյանի պարագայում ի՞նչ «կարգավիճակ» ունեն ծրագրավորումը և երգարվեստը: «Այս դեպքում ինձ մոտ բազմակնություն է (ծիծաղում է-հեղ.): Ես երգեր եմ գրում, բանաստեղծություն եմ գրում երգերի համար: Բնականաբար, նաև նվագում եմ, երգում եմ, նկարում: Նախասիրություններս, իսկապես, շատ են», – եզրափակեց երգիչը:

Զրուցեց Հասմիկ Բալեյանը

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ