Աստված ատում է նման մարդուն
Ով սիրում է ճշմարտությունը, նա դառնում է բարեկամ Աստծու, իսկ ով մշտապես ստում է ՝ նա ընկեր է դևերին։ Շողոքորտություն ատողը ազատվում է անեծքից։ Ով կրում է փորձություններ, պսակվում է որպես վկա՝ Քրիստոսի գահի առջև։ Ով հարձակումների ժամանակ քրթմնջում և դժգոհում է, վրա հասած վշտերի պահին տրտմում է և պարսավում, այդպիսինը ընկնում է խաբկանքի մեջ և չունի ապավինություն։ Հեզը, հանդարտը, խոնարհամիտը գովաբանվում է Աստծո կողմից, հրեշտակների կողմից սիրաշահվում է, մարդկանց կողմից՝ հարգվում։ Բարկացկոտ, ցասումնալից և զայրացկոտ մարդուն Աստված ատում է։ Այդպիսինը սնվում է դիվային դառնությունից, խմում է օձերի ցասման գինին և անբուժելի թույնը իժերի։ Սրտով մաքուրները ընկալում են Աստծո փառքը, իսկ մտքով պղծվածները և չարիք գործողները տեսնում են սատանային։ Մերձավորի հանդեպ անպիտան և վնասակար խորհուրդները հեռացնում են մեզ Աստվածայինի հետ հաղորդակցվելուց։
Անուշահոտ շպարներով շպարվողները իրենց դեմքը դիմափոշով սպիտակեցնողները և կարմրացնողները,թանկարժեք քարերով զարդարվողները, որոնք նպատակ ունեն հմայելու և որսալու ուրիշների հոգին անմաքուր ցանկություններով՝ ի հաճություն սատանայի, այսպիսիններին դատաստանի օրը տեղ չի լինելու առաքինինների և հավատարիմների մեջ, այլ պիտի տանջվեն Աստծո պատվիրանները անարգողների հետ։ Ով կրքոտությամբ է նայում ուրիշների բարիքներին և գեղեցկությանը, այսպիսինը կզրկվի Դրախտի գեղեցկությունից։ Ուրիշինը ցանկացողները , զրկվում են իրենց ունեցածից էլ և կործանվում։ Հպարտները, փառամոլները,մարդահաճոները դատապարտվում են սատանայի հետ։
Մարմինը չափից և անհրաժեշտից ավելի կերակրողները հոգին մատնում են հավիտենական սովի։ Նրանք , ովքեր ասում են. « Երիտասարդության ժամանակ մեղանչենք, իսկ ծերությանը՝ ապաշխարենք», գտնվում են սատանայական հմայության և անարգանքի մեջ, որովհետև գիտակցաբար են մեղանչում։ Այդպիսինները կորստյան են մատնում ժամանակը և պղծվելով ապականում են մարմինը, պղտորում են իրենց հոգին և մթագնում մտածումները, խավարեցնում միտքը և լռեցնում խիղճը։ Չեն մտածում, որ վաղը, միգուցե, մահն իրենց հափշտակի։
Խրատանի ապաշխարության(Գիրք 4) ։