“Օրենքով գողերը”` “խենթացած կենդանու” դեմ. վրացական նախընտրական կրքերը “թեժանում” են /վիդեո/
Խորհրդարանական ընտրությունների շեմին Վրաստանի գործող իշխանությունները հերթական հարվածը հասցրեցին ընդդիմությանը` հրապարակելով այնպիսի նյութեր, որոնք ապացուցում են Միխեիլ Սաակաշվիլիի հակառակորդի կապը հանցագործ տարրերի հետ: Օրերս ոստիկանությունը սադրիչ տեսանյութ է տարածել, որում տեսագրված է ռեժիսոր, հակամարությունների կարգավորման գծով նախկին նախարար եւ գործող իշխանությունների սուր քննադատ Գեորգի Հաինդրավայի հանդիպումը վրացական հանցագործ հեղինակությունների խմբի հետ նախորդ տարվա աշնանը Ֆրանսիայում, հաղորդում է “Новости-Грузия”-ն:
Դատախազությունը նշել է, որ տեսագրությունը ձեռք բերելու հարցում իրենց աջակցել է ֆրանսիական ոստիկանությունը: Դատախազի խոսքով` Հաինդրավան հանդիպել է վրացի “օրենքով գողերի” հետ` ընտրությունների ընթացքում Վրաստանում իրավիճակը ապակայունացնելու համար դավադրություն կազմակերպելու եւ զինված խմբավորումներ կազմելու նպատակով: Փոխարենը` ընդդիմադիր Հաինդրավան իբր թե խոստացել է “գողերին” վերականգնել նրանց նախկին կարգավիճակը եւ ազդեցիկությունը:
Նախօրեին Հաինդրավային կանչել են հարցաքննության: Նա նշել է, որ վախենում է իր կյանքի համար: “Խենթացած կենդանին, որին մեր հասարկության մի մասը նախագահ է անվանում, դեգրադացիայի ենթարկված անձ է: Բնականաբար, մենք սպասում ենք, որ նա որոշակի վայրենության կգնա”,-իրավապահ մարմիններին է հայտնել Հաինդրավան: