Երկրաշարժը զգալուն պես արագ ներքև են իջել
Ինչպես հայտնել ենք, այսօր տեղական ժամանակով ժամը 10:42-ին երկրաշարժ է գրանցվել Հայաստան-Թուրքիա սահմանային գոտում. երկրաշարժը զգացվել է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում՝ 3-4 բալ ուժգնությամբ:
Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Անդրանիկ Պապիկյանը նշեց՝ երկրաշարժը զգացել են հատկապես բարձրահարկ շենքերի բնակիչները:
«Բարձրահարկ շենքերի բնակիչներն իջել են ներքև: Մանրապարտեզը երկու հարկանի է. երեխաներին տարհանել ենք: Էդ չորս բալն էլ՝ չգիտեմ՝ ով է որոշել. ասենք՝ մանկապարտեզում որևէ բան տեղից չի շարժվել: Ավելի շատ չորրորդ- հինգերորդ հարկերում ապրողներն են ինչ-որ բան զգացել, իսկ մանկապարտեզում համակարգիչը սեղանի վրայից անգամ չի շարժվել, ուղղակի մարդիկ ոտքերի տակ դղրդոց են զգացել», – նշեց Անդրանիկ Պապիկյանը:
Հարցին՝ բնակիչները խուճապահա՞ր էին, Արագածավան համայնքի ղեկավարը կես կատակ-կես լուրջ պատասխանեց. «Ջանըմ, բնակիչները սովոր են. երկու օրը մեկ երկրաշարժ է էլի»: