Սուրենավանում ոչ ոք օձի խայթոցից չի մահացել. նոր մանրամասներ
Այսօր լրատվական կայքերում լուրեր տարածվեցին այն մասին, որ օրերս դժբախտ պատահար է տեղի ունեցել Արարատի մարզի Սուրենավան գյուղում. օձը խայթել է 17-ամյա մի աղջկա, ինչի հետեւանքով վերջինս մահացել է։
Henaran.am-ի թղթակիցը հեռախոսազրույց է ունեցել Սուրենավան գյուղի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Ոսկանյանի հետ:
Վերջինս նշեց՝ համայնքապետարանը պատբերաբար զանգեր է ստանում տարբեր լրատվամիջոցներից՝ օձի խայթոցի ու մահացած աղջկա հետ կապված, բայց Սուրենավանի գյուղապետարանի աշխատակիցներն էլ մյուսների նման միայն մամուլի հրապարակումներից են ծանոթացել այդ լուրի հետ:
«Նման դեպք մեզ մոտ չի արձանագրվել: Չգիտեմ՝ լրատվամիջոցները որտեղից են ստացել այդ ինֆորմացիան ու գրել այդ մասին: Մի միջադեպ եղել է հունիսի 17-ին, երբ օձը խայթել է մեր համայնքի բնակչուհիներից մեկին, բայց, բարեբախտաբար, դա մանվան ելքով չի ավարտվել: Օձը այդ բնակչուհու ոտքն է խայթել: Իսկ օձի խայթոցից մահացած աղջկա մասին ոչ մի բան ասել չեմ կարող. մեզ մոտ նման բան չի եղել. միգուցե այլ համայնքում է եղել, շփոթե՞լ են, չգիտեմ», – Սուրենավան գյուղի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Լուսինե Ոսկանյանը: