Գյումրին արդեն հարմարվել է … /ֆոտո/
Գյումրին հայտնի է որպես արհեստի և արվեստների քաղաք: Այս հանգամանքը միշտ ստիպում է Գյումրիին հանդես գալ ըստ պատշաճի: Այս անգամ սակայն Գյումրին հանրությանը ներկայանում է միջազգային մակարդակով… Սեպտեմբերի 21-ին Գյումրիում մեկնարկեց քանդակագործության միջազգային սիմպոզիումը, որն այս քաղաքում անցկացվում է առաջին անգամ:
Նախագծի գաղափարը Գյումրու Մշակութային էքսպերիմենտալ կենտրոնինն /ՄԷԿ/ է: Սիմպոզիումն ունի ՛՛Կենարար աղբյուր՛՛ խորագիրը և անցկացվում է ՛՛Գյումրին` 2013 թվականի ԱՊՀ մշակութային մայրաքաղաք՛՛ միջոցառումների շրջանակում: Այս սիմպոզիումը հաղթողներ կամ պարտվողներ չի ունենալու, այն հիմքում ունի ավելի մեծ գաղափար` մի քանի քանդակագործների հավաքել մեկտեղ, ժողովրդին հնարավորություն տալ քանդակի ստեղծման պրոցեսին ներկա գտնվելու և քաղաքին նվիրել 10 քանդակներ:
Նախագծին մասնակցում են 10 արվեստագետներ, որոնցից վեցը հայեր են, մնացածը Իտալիայից /Մասսիմո Լիպի/, Բելառուսից /Սպարտակ Հարությունյան/, Ուկրաինայից և Ռուսաստանից /Արչիլ Դիդիշվիլի/ եկած քանդակագործներ: Սիմպոզիումը ներգրավել է ինչպես պրոֆեսիոնալ քանդակագործների ու դասախոսների, այնպես էլ դեռ սկսնակ ուսանողների: Հայաստանը բացի Գյումրիից ներկայացնում են նաև Երևանից և Ստեփանակերտից եկած քանդակագործներ:
Սիմպոզիումն անցկացվում է Գյումրու Խաղաղության օղակում: Քանդակագործներն այստեղ աշխատում են ամբողջ օրը: Մասնակիցներին հանձնվել են տարբեր չափերի անմշակ քարեր: Նրանք տեղում քանդակում են իրենց նախագծած քանդակները, տձև քարերին հաղորդելու են շունչ, ստացվող քանդակին` իմաստ ու բովանդակություն: Սակայն մասնակիցներից ոմանք քանդակի թեման մտածել են այն բանից հետո, երբ տեսել են քարի չափերը:
՛՛Ձեր քաղաքում շատ վարպետներ կան, դուք լավ արվեստ, ճարտարապետություն ունեք, ինձ իրոք հաճելի է այստեղ աշխատելը՛՛,-նշում է Ռուսաստանը ներկայացնող վրացի արվեստագետ Արչիլ Դիդիշվիլին:
Սիմպոզիումի օրերը հետաքրքիր են անցնում, մասնակիցներից շատերը իրենց աշխատանքներն արդեն ավարտել են: Իտալացի քանդակագործ Մասսիմո Լիպին այնքան է ընտելացել քաղաքի միջավայրին, որ Խաղաղության օղակի դիմացի փողոցում նույնիսկ փերֆորմանսներ է անում:
Գյումրին արդեն ՛՛հարմարվել է՛՛ այս արվեստային միջավայրին … Ֆլորենցիայի ակադեմիայի դասախոսը Գյումրիին հիշատակ է թողնելու իր քանդակած մետաղե ձկով խաղաղության հրեշտակը, որը, իր խոսքերով, բոլոր ժողովուրդներին կաչելու է իր մոտ:
՛՛Կենարար աղբյուրն՛՛ իսկական իրադարձություն էր Գյումրիի կյանքում: Մինչ այս ոչ մի քանդակ չէր ստեղծվել գյումրեցու աչքի առաջ, մինչդեռ հիմա ստեղծագործական պրոցեսին մասնակցություն է ցուցաբերում ողջ քաղաքը: Քանդակներն իրենց ձևն են ստանում Գյումրիի քաղաքացիների աչքի առջև….
Սիմպոզիումը ավարտված կհամարվի այն օրը, երբ վերջին քանդակագործը կվերջացնի իր աշխատանքը: Արդյունքում Գյումրիին կնվիրվեն 10 քանդակներ, որոնք կտեղադրվեն ՛՛Հաղթանակի՛՛ զբոսայգում:
Գոհար Նավասարդյան