ԱՄՆ-ն զսպաշապիկ կհագցնի ՌԴ-ին
ԱՄՆ Կոնգրեսի Սենատը կողմ է քվեարկել ՌԴ-ի և Իրանի դեմ նոր պատժամիջոցներ նախատեսող օրինագծում փոփոխությունների օգտին:
Փաստաթուղթն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ 97 կողմ, 2 դեմ ձայնով: Հիշեցնենք՝ այս օրինագիծը ուժի մեջ չի մտնի, քանի դեռ Ներկայացուցիչների պալատը չի հաստատել այն: Այնուհետև այն պիտի ստորագրի նախագահը, իսկ եթե նախագահը հրաժարվի այն ստորագրել, ապա Սենատը բկարող է այն ձայների երկու երրորդով ինքնսինքյան օրենք դարձնել, այսինքն՝ դա հնարավոր է իրականացնել նաև առանց նախագահի համաձայնության:
Անդրադառնալով այս թեմային՝ քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը Henaran.am-ի հետ զրույցում նշեց՝ ՌԴ-ին վերաբերող պատժամիջոցների սահմանումը հավելված է՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցների ծրագրի օրինագծում:
«Հաշվի առնելով ձայների այդ հարաբերակցությունը, որով ընդունվել է այս փաթեթը, ապա բարդ չէ պատկերացնելը, որ այդ արգելքը հեշտությամբ կհաղթահարվի: Ուղղակի, գուցե մի քիչ ժամանակ պահանջվի: Այսինքն՝ այս փաթեթը, այնուամենայնիվ, օրենք կդառնա ԱՄՆ-ում: Իսկ նրանց օրենքները շատ դժվարությամբ են հանվում հետագայում: Բազմաթիվ հիմնավոր պատճառներ են պետք, որ Կոնգրեսը իր որոշումը փոխի կամ էլ չեղյալ հայտարարի», – նշեց քաղաքագետը:
Ռուբեն Մեհրաբյանը ընդգծեց՝ սա ՌԴ-ի նկատմամբ զսպաշապիկ է լինելու:
«Դրա նպատակն այն է, որ սահմանափակվի ՌԴ-ի հնարավորությունները՝ տարբեր տարածաշրջաններ ապակայունացնելու հարցում: ԱՄՆ-ն սրանով ուզում է ՌԴ-ի ռեսուրսը նվազեցնել, պոտենցիալը սահմանափակել: Ի վերջո, սա ՌԴ-ին տնտեսական լծակների միջոցով զսպելու փաթեթ է:
Այսօր ՌԴ-ն մարտահրավեր է ամբողջ միջազգային հանրության և միջազգային կայունության համար: Եվ որպեսզի ՌԴ-ին զերծ պահեն ահա այդպիսի քայլերից, ընդունել են այս փաթեթը: Այսինքն՝ ՌԴ-ն փորձում է աշխարհի վզին նոր աշխարհակարգ փաթաթել, որը չի բխում «սառը պատերազմի» արդյունքներից: ՌԴ-ին հնարավորություն էր տրված ինտեգրվել քաղաքակիրթ աշխարհին, բայց այդ երկիրը ընտրեց առճակատման քաղաքականությունը: Իսկ վերոնշյալ փաթեթը նախատեսված է ՌԴ-ին կարգի հրավիրելու համար: ՌԴ-ում ձևավորվել է շատ կոշտ ավտորիտար ռեժիմ, որը կատարում է մարդու իրավունքերի զանգվածային խախտումներ: Այս երկիրը աստիճանաբար դառնում է այնպիսի երկիր, ինչպիսին Ադրբեջանն է, դրան գումարած միջուկային զենքի առկայությունը: Այսինքն՝ ՌԴ-ն սպառնալիք է՝ աշխարհին ուղղված, այս փաթեթն էլ ԱՄՆ-ի կողմից մի քայլ էր՝ այդ սպառնալիքի դեմ ուղղված», – եզրափակեց քաղաքագետը: