Վարչապետն ու ԱԺ նախագահը հստակ պայմանավորվածություն ունեն
«Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն իր ելույթում ասաց, որ անձամբ զրուցել է վարչապետի հետ, և պայմանավորվածություն ունեն մշակել ծրագիր, թե ինչպես պետք է սեփականաշնորվի ամեն մի կազմակերպությունը:
Նա հարցրեց, թե արդյոք ունենք փորձ սեփականաշնորհումից, ապա թվեց մի քանի հիվանդանոցների անուններ՝ Էրեբունի, Իզմիրլյան, Աստղիկ, Արաբկիր: «Կարո՞ղ եք ասել որևէ պետական բժշկական հաստատություն, որ կարող է ոտք գցել սրանց հետ ու մրցակցել»,-հռետորական հարց հնչեցրեց ԱԺ նախագահը:
Արա Բաբլոյանը, ով «Արաբկիր» ԲԿ-ի ղեկավարն է եղել, նշեց, որ տարիների ընթացքում բժշկական համալիրը 2011-ին տվել է 19 միլիոն դրամ պետության բաժնեմաս, 2013-ին՝ 46 միլիոն, իսկ արդեն 2016 թ-ին ՝ 29 միլիոն:
«Մենք պետք է հասկանանք նպատակը, մենք ակնկալում ենք, որ հստակ պայմաններ ու պահանջներ դնեն այս հիվանդանոցների սեփականաշնորհումից առաջ: Պետք է աշխատենք այդ պայմանները հստակեցնելու ու քննարկելու համար»,-եզրափակեց նա: