Ես իմ ամուսնուն եմ պահանջում. Սարի թաղցիները դիմում են ծայրահեղ քայլի /տեսանյութ/
Սարի թաղում հուլիսի 19-ի դեպքերով հարուցված քրեական գործի շրջանակում կալանավորվածների հարազատները այսօր՝ մայիսի 30-ին անժամկետ նստացույց են հայտարարել ՀՀ կառավարության շենքի դիմաց:
Էդուարդ Զեյթունցյանի կինը` Լալա Բերնեցյանը, Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ 7 ամյա դստեր հետ հայտնվել է ծանր կացության մեջ: «Էտքան կալանավորների լցրել են իրար վրա: Թող մի հինգ օր գնան՝ նստեն ու հասկանան՝ ինչ ա դա: Լույս չունեինք ու մեր թաղապետը՝ Դավիթ Գրիգորյանը վճարեց , որ դուրս գանք այդ վիճակից: Իմ կարիքները ոչ-ոք պարտավոր չէ հոգալ, բացի իմ ամուսնուց: Ես իմ ամուսնուն եմ պահանջում»,-նշում է Բերնեցյանը:
Թորոսյան Հարությունի մայրը ՝ Նազիկ Թորոսյանն էլ նշեց, որ հուսալքվում են ու դադարում հավատալ արդարությանը:
«Ոչ մի էական փաստ չունեն ձերբակալվածների դեմ, բայց նրանք 11 ամիս կալանավորված են: Մնացել ենք առանց աշխատող ձեռքի ու կառավարությունը չի էլ մտածում, որ մենք էլ մարդ ենք: Հույսներս կապում ենք վարչապետի հետ»,-ասաց հուզված մայրը:
«Ինձ թվում է Կարեն Կարապետյանը կլսի մեր խնդրանքը: Մենք խնդրում ենք՝ ներում շնորհել տղաներն: Նրանք արդեն մեկ տարի է պատժված են»,-հավելեց Հրաչ Բոյաջյանի կինը՝ Նարինե Ղազարյանը, ով ընդամենը մեկ ամսվա ամուսնացած էր, երբ կալանավորվեց ամուսինը:
Նշենք, որ բողոքողները իրենց հետ բերել են նաև երեխաներին:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Սարի թաղի բնակիչներ Հարություն Թորոսյանը, Հրայր Իսախանյանը, Անդրանիկ Քյոսեյանն ու Էդուարդ Զեյթունյանը 2016թ․ հուլիսի 19-ին ժամը 20.00-ի սահմանում Մովսես Խորենացի փողոցին հարող` Գլինկա եւ Որմնադիրների փողոցների հատման վայրում մի խումբ անձանց հետ, առողջության համար վտանգավոր բռնություն են գործադրել իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչ համարվող ՀՀ ոստիկանության մի շարք ծառայողների նկատմամբ:
Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով: Բոլորն էլ կալանավորված են:
Մանրամասները՝ տեսանյութում: