21-րդ դարում պարբերաբար կրկնվող բախումներն անթույլատրելի են․ ՌԴ դեսպանը՝ ԼՂ հիմնախնդրի մասին
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր Հայաստանում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը անդրադարձել է ԼՂ հիմնահարցին։ Նա նշել է, որ ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում պարբերաբար կրկնվող բախումները 21-րդ դարում անընդունելի են։
«Մենք տեսնում ենք, որ պարբերաբար փոխհրաձգություն է տեղի ունենում, բախումներ, մարդիկ են զոհվում: 21-րդ դարում դա անթույլատրելի է: Պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում (2016թ. մայիսի 16) և Սանկտ Պետերբուրգում (2016թ. հունիսի 20), պետք է որքան հնարավոր է շուտ կյանքի կոչվեն»,- ասել է նա:
Դեսպանը, խոսելով ՀԱՊԿ նշանակությունից, նշել է, որ այն նախ ոչ թե ռազմական, այլ ռազմաքաղաքական կազմակերպություն է, որի գլխավոր խնդիրն իր կազմում ներառված պետությունների ինքնիշխանությունը պահպանելն է:
«ՀԱՊԿ-ը բազմաթիվ ուղղություններով է աշխատում, մասնավորապես՝ ահաբեկչության, թմրանյութերի շրջանառության, կազմակերպված հանցավորության դեմ պայքար»,- ասել է նա: