Մենք չհոգնեցի՞նք այդ ձայնագրությունների թեմայից. ՀՀԿ-ական տնօրեն
«Մեր թիմի բոլոր անդամների համար կրթությունն ունի իր կայուն տեղը: Մեր նոր ծրագրում էլ բավական մեծ ուշադրություն է դարձվում կրթությանը: Մեր քաղաքում այլևս գոյություն չունեն չջեռուցվող մանկապարտեզներ, դպրոցներ, բոլորն ապահովված են»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ Երևանի ավագանու թեկնածու Արմինե Հովհաննիսյանը: Նա նկատեց, որ այսօր կյանքը փոփոխվել է, ծնողների մեծ մասը երկուսն էլ աշխատում են, և մանկապարտեզներում հիմա հերթեր են առաջանում: «Մոտ 20 տարի առաջ դատարկ մանկապարտեզներ կային»,-նշեց ՀՀԿ-ական թեկնածուն:
«ԵԼՔ» դաշինքի ավագանու թեկնածու Անահիտ Բախշյանն էլ ընդգծեց, որ խմբեր կան մանկապարտեզներում, որտեղ 3 տարեկան 40 երեխաներ կան, ինչն անթույլատրելի է, քանի որ կանոնակարգում նշված է, որ առավելագույնը 30 երեխա կարող է լինել խմբում:
«Մանկապարտեզների հերթագրումը արդեն էլեկտրոնային է իմ առաջարկով, բայց այն կիսատ է իրականացված, քանի որ մանկապարտեզների կայքերում չեն հրապարակվում հերթագրված երեխաների ցանկը»:
Անահիտ Բախշյանի խոսքով` կարևորագույն խնդիրներից մեկն էլ հանրակրթական օջախների քաղաքականացված լինելն է, ինչն իրենց նախընտրական ծրագրով անթույլատրելի է:
Իսկ Արմինե Հովհաննիսյանն էլ ընդգծեց, որ կրթության ոլորտում ընդգրկված որևէ ներկայացուցչի արգելված է լինել կուսակցական: «Չկան փաստեր, որ տնօրեններն աշխատանքի ժամին կուսակցական գործունեությամբ են զբաղվում: Ես ինքս տնօրեն եմ, և ես կարող եմ պնդել, որ մենք աշխատանքային ժամերին չենք զբաղվում կուսակցական գործունեությամբ: Դրանք ընդամենը զրույցներ են: Մենք չհոգնեցի՞նք այդ ձայնագրությունների թեմայից: Ես ինքս տնօրեն եմ, ռեյտինգային ընտրակարգով էլ առաջադրված եմ եղել, բայց իմ ծնողների մեծ մասը նույնիսկ չի էլ իմացել, որ ես թեկնածու եմ»,-եզրափակեց նա: