26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչ կապ ունի Արգամ Աբրահամյանը մահափորձի հետ. Հայկական Ժամանակ

Ոստիկանությունն այսօր տեղեկացրեց, որ Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի դեմ իրականացված մահափորձը բացահայտվել է. 4 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարվել:

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Ծառուկյան» դաշինքի անդամ, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը դժգոհ է եղել Նորաշենի գյուղապետ Նորայր Գրիգորյանից՝ քանի որ ապրիլի 2-ի ընտրություններում այս համայնքում ձայների շատ չնչին տարբերությամբ հաղթել է Հայաստանի Հանրապետական կուսակցությունը: Թե ինչ կապ ունի վերը նշվածը գյուղապետի դեմ իրականացված մահափորձի հետ, դեռ պարզ չէ: Տեղեկությունը ճշտելու համար զրուցեցինք Նորաշենի գյուղապետ, ՀՀԿ-ական Նորայր Գրիգորյանի հետ:

– Պարոն Գրիգորյան, ըստ որոշ տեղեկությունների, «Ծառուկյան» դաշինքի անդամ, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը գոհ չի եղել ձեզնից, որ գյուղում իր օգտին անհրաժեշտ ձայներ չեք ապահովել: Այս մասին ի՞նչ կարող եք ասել, համապատասխանո՞ւմ է իրականությանը:

– Ես ձեզնից եմ լսում, ես չգիտեմ նման բան, չեմ կարող ասել: Ես Հանրապետական կուսակցությունն եմ ներկայացնում, մեր համայնքի ՀՀԿ-ի տարածքային կազմակերպության նախագահն եմ, ես ինքս ընտրություններին սատարել եմ իշխանությանը: Թե ով ա գոհ, ով՝ դժգոհ, ես չգիտեմ:

– Ձեր գյուղում «Ծառուկյան» դաշինքը որքա՞ն ձայն է հավաքել:

– Չգիտեմ, չեմ կարող ասել, տեղյակ չեմ, դա ինձ չի հետաքրքրում:

– Իսկ Հանրապետական կուսակցությունը որքա՞ն ձայն է հավաքել:

– ՀՀԿ-ն մեր գյուղում 900 ձայն է հավաքել, առավելագույնը՝ բնական ա:

Դուք Արգամ Աբրահամյանի հետ ընտրություններից առաջ կամ հետո հանդիպե՞լ եք:

– Չէ, ես նման բան չեմ հիշում:

Իսկ խոսակցություն եղե՞լ է, որ դուք պետք է իր օգտին անհրաժեշտ ձայներ հավաքեք:

– Ոչ, ոչ մի խոսակցություն չի եղել: Որտեղ իշխանությունը, որտեղ իմ ղեկավարությունը, որտեղ իմ գործող մարզպետը, այնտեղ` ես: Ես սատարել եմ իշխանությանը, իշխանության մի մասնիկն եմ, իշխանության հետ եմ եղել, ես ինքս Հանրապետական կուսակցությունից եմ: Մնացածը`ոչ մեկի հետ չեմ հանդիպել, ոչ մի բան չեմ ունեցել, չգիտեմ էլի:

Պարոն Գրիգորյան, ի՞նչ եք կարծում, Արգամ Աբրահամյանը որեւէ առնչությո՞ւն ունի ձեր դեմ իրականացված մահափորձի հետ, հավանական համարում ե՞ք…

– Ես չգիտեմ, քույրիկ ջան, ես ոչ մի բան չգիտեմ, իրավապահ մարմինները զբաղվում են: Ինձ թվում է կբացահայտվի, հենա գիտեն` ովքեր են կատարողները, ինձ թվում է կբացահայտվի էլի: Ես ինքս ինձ թույլ չեմ տալիս ոչ մեկի վրա կասկածելու, ոչ էլ ինչ-որ բան գիտեմ: Շուտով կբացահայտվի, բոլորիս էլ պարզ կլինի:

Ձեր եւ Արգամ Աբրահամյանի հարաբերությունները լարվա՞ծ են, ի՞նչ հարաբերությունների մեջ եք նրա հետ:

– Ոչ մի հարաբերություն էլ չունենք: Ոչ լարվել ենք, ոչ իրար հետ ընկերություն ենք արել, ոչ մի բան երեւի, չենք ճանաչում իրար:

– Դուք ասում եք ՀՀԿ-ական եմ, բայց նշված է, որ անկուսակցական եք:

– Չգիտեմ ինչի համար է գրված տենց: Ես ինքս ՀՀԿ-ից եմ:

Վաղուց ե՞ք անդամակցել ՀՀԿ-ին:

– Ոչ արդեն մի քանի ամիս է, երբ սեպտեմբերին ընտրվել եմ գյուղապետ դրանից հետո ես ինքս անդամագրվել եմ ՀՀԿ-ին:

Պարոն Գրիգորյան, ոստիկանությունն այսօր հրապարակեց ձեր դեմ մահափորձ իրականացնելու մեջ կասկածվող անձանց լուսանկարները, տեսե՞լ եք նրանց լուսանկարները, ճանաչե՞լ եք:

– Հենց նոր կայքով տեսել եմ այդ նկարները, ես չեմ ճանաչում այդ մարդկանց:

Բայց իրե՞նք էին դեպքի օրը ձեզ վրա կրակած անձինք: Դուք մեր զրույցում ասել էիք, տեսել եք կրակողների դեմքերը:

– Այո, հենց նույն անձինք են, ես նրանց դեպքի օրն եմ տեսել: Նրանցից ոչ մեկին չեմ ճանաչում:

Դուք կանչվե՞լ եք կրկին Քննչական կոմիտե, հարցաքննվե՞լ եք:

– Այսօր տեղյակ են պահել, որ վաղը գնամ, չգիտեմ ինչի համար են կանչում:

Հրազենային վիրավորում ստացած ձեր ընկերոջ՝ Կարեն Ղազարյանի վիճակն ինչպե՞ս է:

– Լավ ա, Փառք Աստծո, ամեն ինչ նորմալ է, կյանքին վտանգ չի սպառնում, դեռ հիվանդանոցում է:

Հիշեցնենք, որ մայիսի 3-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, աշխատանքից տուն գնալու ճանապարհին, կրակել էին Արարատի մարզի Նորաշեն համայնքի ղեկավար Նորայր Գրիգորյանի մեքենայի վրա։ Մեքենան վարելիս է եղել նրա վարորդը, նույն համայնքի բնակիչ՝ Կարեն Ղազարյանը: Վերջինս հրազենային մի քանի վնասվածքներ է ստացել եւ տեղափոխվել «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Հ.Գ. Ապրիլի 2-ի քվեարկության արդունքներով,  Նորաշեն գյուղում ՀՀԿ-ն հավաքել է 876 ձայն, «Ծառուկյան դաշինքը»՝ 802 ձայն: Այսինքն`պայքարը թեժ է եղել:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ