Թեկնածուն հերքում է Սուրիկ Խաչատրյանի աջակցությունը

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով ՀՀԿ-ի կողմից առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանը, երեկ՝ սեպտեմբերի 22-ին հրավիրած ասուլիսում ուշագրավ հայտարարություն է արել:
Ըստ էության, նա հերքել է մամուլի այն հրապարակումները, թե նրա թեկնածությունն առաջարկել է Սյունիքի նախկին մարզպետ, ՀՀԿ մարզային կառույցի ղեկավար Սուրիկ Խաչատրյանը:
“Իմ թեկնածությունը առաջադրել է ՀՀԿ-ն, հանձինս մեր Սյունիքի մարզպետի` Վահե Հակոբյանի: Ինքը աշխատելով Ազգային ժողովում՝ հասկանում եմ, թե ինչու է իմ թեկնածությունը առաջադրել: Նա լավ գիտի, թե ինչ մարդ է պետք, ինչ հնարավորություններ պետք է ունենալ: Միգուցե գնահատելով իմ անցած ճանապարհը, առաջադրել է իմ թեկնածությունը”,-ասել է թկնածուն:
Հիշեցնենք, Արմեն Կարապետյանը երկու անգամ ընտրվել է Կապանի քաղաքապետ: Քվեարկությունը այս ընտրատարածքում կլինի սեպտեմբերի 29-ին: ՀՀԿ-ական թեկնածուից բացի, պատգամավորի մանդատի համար պայքարելու է նաեւ “Ժառանգությունից” առաջադրված, ազատամարտիկ Սամվել Հայրապետյանը: