«Ո՞ւմից է բերելու քաղաքացին տեղեկանքը, որ ընտրակաշառք չի վերցրել»
Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը տեխնոլոգիապես անհնար է համարում «Ելք» դաշինքի կողմից այսօր ներկայացված առաջարկը` 15 հազար դրամի չափով սոցիալական աջակցություն ցուցաբերել այն քաղաքացիներին, ովքեր Երևանի ավագանու ընտրություններում ընտրակաշառք չեն վերցնի, ՀՀԿ-ին չեն ընտրի ու դիմում կներկայացնեն, իհարկե սա այն դեպքում, եթե «Ելքը» մեծամասնություն ունենա քաղաքապետարանի ավագանիում:
«Սա չի կարող աշխատել, որովհետև դու չես կարող սա ներկայացնել, քաղաքացուն ինչպե՞ս պիտի համոզես, որ ինքը թուղթ բերի, որ ընտրակաշառք չի վերցրել: Ո՞ւմից է բերելու այդ տեղեկանքը»,-հարցնում է քաղաքական փորձագետը: Դիտարկմանը, թե «Ելքից» Էդմոն Մարուքյանն ու Նիկոլ Փաշինյանն ասում են, թե իրենք հավատում են քաղաքացիներին, Արմեն Բադալյանն արձագանքեց. « 10 հազար դրամ կաշառք կվերցնի ու կգնա, կասի, թե ես կաշառք չեմ վերցրել»:
Henaran.am-ի հետ զրույցում Արմեն Բադալյանը նշեց` վստահ է` կաշառք բաժանվելու է, սակայն միայն ՀՀԿ-ի տարածքային շտաբների անդամները գիտեն, թե ով է վերցնում կաշառք, իսկ ով չի վերցնում, և, բնականաբար, նրանք այդ ցուցակը չեն տրամադրի, քանի որ քրեական պատասխանատվության կենթարկվեն: