29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Ինչու՞ ենք այսքան տառապում… որտե՞ղ է Տերը

 Հռոմի Ֆրանցիսկոս Սրբազան Քահանայապետի Սուրբ Հարության տոնի քարոզը 

Այսօր Եկեղեցին կրկնում, երգում և կանչում է. «Քրիստոս յարեա՛ւ ի մեռելոց»: Սակայն, ինչպե՞ս դա կարող է լինել: Պետրոսը, Հովհաննեսը, կանայք գնացին գերեզման, բայց այն դատարկ էր: Հիսուս այնտեղ չէր: Նրանք այնտեղից գնացին՝ տխրությունն իրենց սրտերում, պարտության տխրությամբ: Վարդապե՛տը, իրենց Վարդապետը, Նա, ում նրանք այդքա՛ն շատ էին սիրում, և ով դատապարտվել էր, այժմ մահացած է: Եվ մահանալուց հետո ոչ ոք ետ չի դառնում:   Սա՛ է պարտությունը, սա պարտության ուղին է, ուղին դեպի գերեզման: Սակայն հրեշտակն ասաց նրանց. «Նա այստեղ չէ, Նա հարություն է առել»: Սա առաջին ազդարարումն է. «Նա հարությու՛ն է առել»:

Եվ այնուհետև՝ շփոթությունը, սրտի փակվելը,  տեսիլքը: Սակայն առաքյալները ամբողջ օրը փակված մնացին Վերնատանը, քանի որ նրանք վախենում էին, որ այն ինչ պատահեց Հիսուսի հետ, կարող էր պատահել նաև նրանց հետ: Եկեղեցին չի դադարում մեր պարտություններին, մեր փակ և վախկոտ սրտերին ասել. «Կա՛նգ առեք, Տերը հարություն առավ»: Սակայն, եթե Տերը հարություն է առել, ապա ինչպե՞ս է այս բոլորը տեղի ունենում: Ինչպե՞ս են այս բոլոր ողբերգությունները, հիվանդությունները, մարդկանց առևտուրը, պատերազմները, ավերվածությունները, վիրավորանքները, վրեժխնդրությունները, թշնամությունները տեղի ունենում:  

Բայց, որտե՞ղ է Տերը:   Երեկ ես զանգահարեցի մի երիտասարդի, ով տառապում է ծանր հիվանդությամբ, ով կրթված մի ինժեներ երիտասարդ է, և ես նրան տվեցի հավատքի մի նշան, ես ասացի նրան. «Ոչ մի բացատրություն չկա այն բանին, թե ինչ է կատարվում քեզ հետ: Նայի՛ր խաչի վրա գտնվող Հիսուսին, Աստված դա արեց Իր Որդուն և այստեղ չկա ոչ մի բացատրություն»:

Իսկ նա պատասխանեց ինձ. «Այո՛, սակայն Նա իր Որդուն հարցրեց և Իր որդին ասաց՝ այո՛: Ինձ չեն հարցրել՝ ես ուզու՞մ եմ այս ամենը, թե ոչ»: Սա է հուզում մեզ, մեզանից ոչ ոքի չեն հարցրել: «Արդյո՞ք դուք գոհ եք այն ամենից, ինչ կատարվում է աշխարհում: Արդյո՞ք դուք պատրաստ եք այս խաչը կրել այսուհետ»: Եվ խաչն առաջ է գնում, իսկ հավատքն առ Հիսուս՝ նվազում»:

Այսօր Եկեղեցին շարունակում է ասել. «Կա՛նգ առեք, Տերը հարություն առավ»:   Եվ սա հորինվածք չէ: Քրիստոսի Հարությունը շատ ծաղիկներով լի խնջույք չէ: Սա գեղեցիկ է, բայց խնջույք չէ, այլ ավելի՛ն է: Սա այն անտեսված քարի խորհուրդն է, որն ի վերջո դարձավ մեր գոյության հիմքը:  Սա նշանակում է, որ Քրիստոս հարություն է առել: Այս հարաբերական մշակույթի մեջ, որտեղ այն, ինչ օգտակար չէ, նետվում է մի կողմ, որտեղ այն, ինչը օգտակար չէ, անտեսվում է, այն քարը՝  Հիսուս, ևս անտեսվում է և, սակայն, Նա կյանքի աղբյուրն է: Մենք ևս քարախիճեր ենք այս հատակի վրա, այս վշտի, ողբերգությունների հողի վրա՝ այն հավատքով, որ Քրիստոսի Հարությունը իմաստ ունի՛ այդչափ շատ աղետների մեջ:  

Իմաստ ունի՛ նայել մարդկանց և ասել. «Տե՛ս, այստեղ պատ չկա, այստեղ կա հորիզո՛ն, կա կյա՛նք, կա ուրախությու՛ն, կա խա՛չ՝ իր երկիմաստությամբ: Առաջ նայե՛ք, մի փակեք «ինքներդ ձեզ»: Դու՛ք՝ քարախիճերդ, իմաստ ունե՛ք այս աշխարհում, քանի որ դուք մի քարախիճ եք՝ այն Քարի կողքին, այն Վեմի կողքին, որը դեն շպրտվեց մեղքի պատճառով»:  

Ի՞նչ է այսօր ասում Եկեղեցին մեզ՝ ի դեմս բազամաթիվ ողբերգությունների:   Պարզապես՝ հետևյալը. «Անտեսված Քարը իրականում անտեսված չէ: Այն քարախիճերը, որոնք հավատում են և իրենց միացնում են այդ Քարին, անտեսված չեն, դրանք նպատակ ունե՛ն և այս զգացումով էլ Եկեղեցին իր սրտի խորքից կրկնում է. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:  

Եկե՛ք մի փոքր մտածենք, թո՛ղ մեզանից յուրաքանչյուրը մտածի առօրյա խնդիրների, այն հիվանդությունների մասին, որոնց միջով մենք կամ մեր մերձավորներից որևէ մեկը անցել է, եկե՛ք խորհենք պատերազմների, մարդկային ողբերգությունների մասին, և պարզապես խոնարհ ձայնով, առանց ծաղիկների, միայնակ Աստծո առաջ, ինքներս մեր առջև ասենք.

«Չգիտեմ, թե ինչու է այսպես, սակայն վստա՛հ եմ, որ Քրիստոս հարություն է առել և ես վստա՛հ եմ դրանում: Եղբայրնե՛ր և քույրեր,  սա էր այն ամենը, ինչ ցանկանում էի ասել ձեզ: Տուն վերադարձե՛ք այսօր ձեր սրտում կրկնելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:  

Թարգմանեց՝ Նարինե Գալոյանը 

http://armenianchurchco.com-ը

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ