Իրանը պահանջում է, որ Թուրքիան դադարեցնի ռազմական գործողությունները Սիրիայում և Իրաքում
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարարության խոսնակ Բեհրամ Քասիմին դատապարտել է Թուրքիայի կողմից Սիրիայում և Իրաքում իրականացված ցամաքային գործողությունները: Ինչպես փոխանցում է «CnnTurk» լրատվամիջոցը, Թեհրանը պահանջել է, որ Թուրքիան անմիջապես դադարեցնի տարածաշրջանում իրականացվող ռազմական օպերացիաները:
«Առանց կենտրոնական իշխանության թույլտվության այլ երկրի միջամտությունը հանդիսանում է դատապարտելի գործողություն: Միջազգային չափանիշները խախտող այդ գործողությունը կարող է կործանիչ հետևանքների պատճառ դառնալ: Խորհուրդ ենք տալիս չիրականացնել նմանատիպ գործողություններ և անհապաղ դադարեցնել դրանք: Մենք աջակցում ենք Իրաքի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը: Դեմ ենք ցանկացած տեսակի մասնատման»,- ասել է Քասիմին:
Վերջինս շեշտել է, որ թեև Իրաքի քրդերը երկրի սահմանադրությամբ ունեն հստակ իրավունքներ, այնուամենայնիվ, նրանք իրավունք չունեն ընդդիմանալ երկրի տարածքային ամբողջականությանը: