25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

«Այս լոմով ձեր գլուխները կջարդեմ». սարսափի պահեր

ԴՐՎԱԳՆԵՐ ԻՄ ԿՅԱՆՔԻՑ

Ղարաբաղ կոմիտեի անդամներին, որոնց թվում նաև Բաբկեն Արարքցյանին, ձերբակալել և տարել էին Մոսկվայի Բուտիրովյան բանտը: Ցրտաշունչ ձմեռ էր: Հունվարի 14-ին ավագ թոռնիկիս՝ Աստղիկի ծննդյան օրը, վաղ առավոտյան (ժամը 7-ի սահմաններում) աղջիկս՝ Կարինեն, զանգահարում է մեր տուն և վրդովված ձայնով հայտնում, որ անծանոթ մարդիկ պահանջում են դուռը բացել, ինքը չի բացում: «Ճիշտ ես վարվում, հիմա մորդ հետ գալիս ենք»: Մենք համարյա վազելով հասանք տեղ և ի՞նչ տեսանք. Չորս թե հինգ հոգի միջանցքում կանգնած՝ անընդհատ ծեծում են դուռը՝ պահանջելով բացել այն: Տիկնոջս հետ մոտեցանք ու հայտնելով մեր ով լինելը, հարցրինք՝ ի՞նչ է պատահել, ինչու՞ են պահանջում դուռը բացել և ովքեր են իրենք: Մեկը, որ ղեկավարն էր, ասաց՝ իրենք պետանվտանգության կոմիտեից են, այսինքն ԿԳԲ-ից, իրենց հանձնարարված է խուզարկել Բաբկեն Արարքցյանի բնակարանը: Պարզվեց, որ ղեկավարը ազգությամբ մոլդովացի էր:

ԿԳԲ-ի ներկայացուցիչը պահանջելու պես խնդրեց մեզանից դուռը բացել տալ, այլապես ստիպված կլինենք լոմով ջարդել: Ես Կարինեին խնդրեցի բացել դուռը, այլապես կջարդեն այն և զոռով ներս կմտնեն: Կարինեն ներսից կրկնում էր, որ դուռը կբացի միայն տանտիրոջ՝ Բաբկենի առաջ: Բնակարանից անընդհատ լսվում էին հայրենասիրական երգեր: Բանակցությունները երկար տևեցին, Կարինեն դուռը չէր բացում: Ես ստիպված խնդրեցի երեխաներին ուղարկել քրոջ տուն: Նա ներսից պատասխանեց, այդ դեպքում թող կագեբեիստները դուրս գան շքամուտքից և ինքը միայն այդ դեպքում երեխաներին կհանի տնից:

Այդպես էլ արվեց՝ նրանք հեռացան և կանգնեցին պատշգամբի դիմաց: Կարինեն բացեց դուռը, երեխաները ահաբեկված դուրս եկան, և նա իսկույն դուռը փակեց: Մորաքույրը երեխաներին տարավ իրենց տուն: Ի դեպ, երբ երեխաներին դուրս բերելու համար մտել էի բնակարան, Կարինեին հարցրի, եթե տանը կա՞ զենք կամ նման մի բան, կարող եմ հետս դուրս տանել: Նա վստահեցրեց, որ ոչինչ չկա և իզուր եմ անհանգստանում: Ես, անշուշտ, թեթևացած զգացի:

Մոլդովացին անընդհատ կրկնում էր, որ իրենք ստիպված կլինեն դուռը ջարդել: Ի դեպ, նրանք իրենց հետ բերել էին դուռը ջարդելու լոմ: Բացի այդ՝ ներքևում կային 5-6 հոգի, որոնք երբեմն-երբեմն բարձրանում էին հարկաբաժին՝ հավանաբար դուռը ջարդելու մտադրությամբ: Բայց ղեկավարը ետ էր ուղարկում: Արդեն ժամեր էին անցել, և Կարինեն դուռը չէր բացում: ԿԳԲ-ի ղեկավարը իր հետ եկած ընկերներին հանձնարարեց հրավիրել մի դեպուտատի, որպեսզի նրա ներկայությամբ և մասնակցությամբ բացել տա դուռը: Որոշ ժամանակ անց որտեղից որտեղ բերեցին միջին հասակի մի տղամարդու, որը` չիմացա տեղական իշխանությունների, թե՞ Գերագույն խորհորդի դեպուտատ էր:
Ղեկավարը լոմը տվեց դեպուտատի ձեռքը և ասաց, որ պետք է ջարդելով բացել դուռը: Դեպուտատը հանկարծակիի եկավ և իսկույն հարցրեց, թե դա ու՞մ դուռն է:

«Բաբկեն Արարքցյանի»,- պատասխանեցին ԿԳԲ-ի ընկերները: Դեպուտատը իսկույն այլայլվեց և զայրացած տոնով պատասխանեց. «Այս լոմով ձեր գլուխները կջարդեմ»: Լոմը նետեց աստիճաններից ներքև և ասաց. «Խորհուրդ եմ տալիս՝ դուք էլ հեռանաք այս շքամուտքից»:Մինչև հիմա էլ հիշում եմ այդ սքանչելի հերոսական տղամարդու դեմքը: Բայց ափսոս անուն ազգանուն չիմացանք: Շատ կփափագեի թեկուզ ուշացումով իմանալ նրա ով լինելը և խորին շնորհակալությունս ու երախտագիտությունս հայտնել նրան: Թեկուզ ուշացումով խնդրում եմ ներկայանալ: Չէ՞ որ Ձեզ նման մարդիկ են պահում Ազգն ու Հայրենիքը: Ձեզ նման մարդիկ են աշխարհը առաջ մղում:
Երկար, շատ երկար ժամեր անցկացրինք շքամուտքի հարթակում: Մոլդովացու ոտքերը մրսում էին, և նա ստիպված անընդհատ քայլեր էր անում նույն տեղում:

Որտեղից որտեղ, թե ինչպես էին իմացել, մեկ էլ եկան Բաբկեն Արարքցյանի համալսարանական ընկերները և քեռին՝ Պողոսը: Մեր բոլորի խնդրանքով Կարինեն բացեց դուռը, և մտանք ներս: Մոլդովացին անցավ գործի: Նա մեկ-մեկ բացում էր պահարանի դռները և զննում թղթերը: Բաբկեն Արարքցյանի հայրը՝Գուրգեն Արարքցյանը, որը եղել է պոլիտեխնիկ ինստիտուտում ամբիոնի վարիչ, ուներ մեքենագիր հսկայական քանակությամբ թղթապանակներ: Մոլդովացին հանգամանորեն զննում էր դրանք, իսկ թիկունքում կանգնած էին երկու հայ երիտասարդներ՝ անվտանգության մարմիններից:

Մոլդովացին գտավ մեքենագիր մեկ էջի վրա ազգանունների ցուցակ: Միլիմետրի ճշտությամբ չափեց թղթի երկարությունն ու լայնքը և հանձնեց թիկունքում կանգնած հայ երիտասարդին: Մտքովս անցավ, որ դա կարող է լինել «Ղարաբաղ» կոմիտեին հարողների անուն ազգանունները և հարմար պահ գտնելով՝ խնդրեցի հայ երիտասարդին ՝ցուցակը դնել պատուհանի գոգին, որպեսզի ծանոթանամ: Նա ընդառաջեց խնդրանքս, և ես կարդացի ցուցակում եղած ազգանունները: Եվ ինչ, պարզվեց, որ բոլորն էլ երևանաբնակ վանեցիներ են՝ Վարազդատ Հարությունյան, եղբայրներ Մխիթար և Էդուարդ Ջրբաշյաններ և այլոք: Հասկացա, որ ցուցակում նշված են Աշտարակ քաղաքի ծայրամասում, Թալին տանող մայրուղու աջ կողմում տեղադրված «Վասպուրականի արծիվը» հոյակերտ հուշարձանի կառուցումը նախաձեռնող վանեցիների անունները: Մտահոգությունս անցավ: Ավելին՝ մտածեցի ՝գուցե մոլդովացին բավարարվի այդ ցուցակով:

Հայ երիտասարդին ասացի.«Այնպես արա, որ շեֆը կարևորություն տա այդ ցուցակին»: Այդպես էլ եղավ. երիտասարդը ցուցակը քանիցս մոտեցրեց շեֆին ՝ ականջին ինչ-որ բան փսփսալով: Չերկարացնելու համար նշեմ, որ շեֆը, ներքին գոհունակությունը զսպելով, վերցրեց «կասկածելիների» ցուցակը և, ավարտած համարելով հետախուզությունը՝ դուրս եկավ բնակարանից:

Շատ գոհ կլինեմ, եթե ներկայանա այդ հայ երիտասարդը, որը իմ համոզմամբ նույնպես սրտանց ցանկանում էր հետախուզության նման անվտանգ ավարտ: Կարելի է եզրակացնել, որ վանեցիների ցուցակը ինչ-որ չափով օգտակար եղավ նրանցից մեկի և նույնիսկ «Ղարաբաղ» կոմիտեի տղաների համար: Արժե անդրադառնալ նաև ղարաբաղյան շարժման հետ կապված մի փաստի ևս:

Ազատության հրապարակում բազմահազարանոց միտինգներին մասնակցողները լավ գիտեն, որ հաճախ շատ շատերը գրավոր հարցերով, առաջարկություններով դիմում էին հարթակում գտնվող «Ղարաբաղ» կոմիտեի ղեկավարներին: Գրավոր այդ հարցերն ու առաջարկությունները, որոնց տակ սովորաբար նշված էր լինում հեղինակի անուն- ազգանունը, հաճախ նաև հասցեն, հեռախոսի համարը, հավաքվում էր Բաբկեն Արարքցյանի բնակարանում: Գոյացել էր նման գրությունների մի հսկայական տոպրակ: Երբ կալանքի էին վերցրել Բաբկեն Արարքցյանին, ես տիկնոջս ասացի.« Պետք է բնակարանից հանել այդ թղթապանակ-տոպրակը, որովհետև եթե դա ընկնի անվտանգության մարմինների ձեռքը, ապա հնարավոր է՝ ոմանք նույնպես կարող են տուժել, կալանվել»:

Իմ զգուշացնելու հենց հաջորդ օրը տիկինս տան աղբի հետ միասին նշած թղթապանակ-տոպրակը տանում և գցում է աղբարկղը, որը գտնվում էր դիմացի շենքի բակում: Երբ այդ մասին տեղյակ պահեց ինձ, տագնապի մեջը ընկա՝ մտածելով, որ այն կարող է ընկնել անվտանգության մարմինների ձեռքը, և նոր բռնություններ կսկսվեն: Որոշեցինք երեկոյան ուշ ժամի գնալ և տոպրակը բերել մեր տուն: Այդպես էլ արեցինք: Բայց դա այդքան էլ դյուրին քայլ չէր, մանավանդ այդ ժամանակ Երևանում իրականացվում էր «հատուկ դրություն». մայրաքաղաքի փողոցներում, հատկապես Օպերայի շուրջ, կանգնեցված էին տանկերը, կային մեծ թվով զինվորներ և ուշ ժամին քաղաքում շրջելը վտանգավոր էր:

Երկուսով գնացինք, տիկինս աղբարկղից հանեց տոպրակը, ես դրեցի թևիս տակ և մենք շենքերի բակերով (իրարից 10-15 մետր հեռավորությամբ, որպեսզի ինձ բռնելու դեպքում գոնե տիկինս մնա ազատ), համեմատաբար անվտանգ թվացող ճանապարհով հասանք մեր տուն: Մտածելով, որ կարող են խուզարկել նաև մեր բնակարանը, հաջորդ օրը տոպրակը տեղափոխեցի քաղաքից դուրս և խորը ափսոսանքով այրեցի այն: Թող ներողամիտ լինեն գրությունների հեղինակները և մեր ժամանակների պատմությունը ուսումնասիրողները, հավանաբար այլ կերպ վարվել չէի կարող՝ զգալի թվով ազնիվ և հայրենասեր մարդկանց վտանգի չենթարկելու նպատակով: Թերևս իմ կյանքի այս դրվագը նույնպես պատմաբանների համար ինչ-որ չափով նյութ հանդիսանա:

ԳՐԻԳՈՐ ԱՎԱԳՅԱՆ
16.08.1998 թ.

Վերցված է Հովիկ Չարխչյանի բլոգից

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ