24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ի վերջո թե’ Հայաստանը, թե’ Ռուսաստանը մտնելու են Եվրամիություն. Իվանիշվիլի

Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին ասել է, որ Մոսկվային չի հաջողվի հիմնել Եվրասիական միություն ի հակադարձություն Եվրամիության, եւ ի վերջո ԵՄ-ին մոտ կանգնած պետությունները կմտնեն Եվրամիություն, այդ թվում`Ռուսաստանը:

Միեւնույն ժամանակ Վրաստանի վարչապետը Eesti Päevaleht թերթին ասել է նաեւ, որ իր երկիրը շարունակում է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ:

Կիրակի օրը Թալին ժամանած Իվանիշվիլին ասել է, որ Վրաստանը հնարավորինս շուտ ցանկանում է Եվրամիության անդամ դառնալ:

“Ցավոք սրտի նախկին ղեկավարությունը սխալներ է թույլ տվել թե Եվրամիության, թե ՆԱՏՕ-ի նկատմամբ, քանի որ այն ժամանակվա դեմոկրատական ավանդույթները չէին համապատասխանում եվրոպական արժեքներին: Մեր իշխանությունը տիպիկ եվրոպական ղեկավարություն է: Մենք նոյեմբերին Վիլնյուսում կնախաստորագրենք Եվրամիության հետ ասոցիացիայի եւ ազատ առեւտրի համաձայնագիրը, իսկ գարնանը, հնարավոր է, արդեն ստորագրենք”,- ասել է նա:

Խոսելով այն մասին, որ Ռուսաստանն այժմ ստիպում է հետխորհրդային երկրներին ընտրել Եվրամիության եւ Մաքսային միության միջեւ, Իվանիշվիլին ասել է, որ Ռուսաստանի այդ մոտեցումը տհաճ է.

“Երբ ձեզ որոշակի այլընտրանք են առաջարկում, որ նշանակում է նախապատվություն տալ ինչ-որ ստեղծվող միության, որը հակասում է եվրոպական արժեքներին եւ դրա միջոցով վատացնում է իրավիճակը, դա լավ չէ: Վրացական ռազմավարությունը, որը ոչ ես, ոչ էլ նախորդ կառավարությունն է հորինել, հիմնված է ժողովրդի ցանկության վրա՝ դա Եվրատլանտյան հանրության հետ մերձեցումն է: Վրաստանը քվեարկել է ՆԱՏՕ-ին անդամակցելու օգտին: Ես չեմ պատրաստվում, նույնիսկ չեմ մտածում այդ ուղղությունը փոխելու մասին, քանի որ գիտեմ, որ ժողովուրդը ճիշտ որոշում է ընդունել, եւ մենք իրավունք չունենք դա փոխել”,- ասել է նա:

Կրկին անդրադառնալով Եվրասիական միությանը, Իվանիշվիլին ասել է, որ այն թեեւ ստեղծվում է իբր թե որպես հակակշիռ Եվրոպական միությանը, բայց ինքն այդպես չի տեսնում: 

“Ես նույնիսկ չէի ցանկանա մտածել, որ հակակշռող ինչ-որ բան են ստեղծում այն դեպքում, երբ Եվրոպան բոլորի համար հասկանալի ու շատ արդյունավետ է: Այդ պատճառով կարծում եմ, որ այդ Եվրասիական միությունը ժամանակավոր է. այն դեռ չի ստեղծվել, այն դեռ իմաստ էլ ձեռք չի բերել, եւ այն, որ դա որպես հակակշիռ է ներկայացվում, շատ վատ է:

Դրան պետք է դիալեկտիկ նայել: Ես չեմ պատկերացնում, որ Հայաստանը կամ նույնիսկ Ռուսաստանը, որոնք այժմ համաձայն են դրա ստեղծմանը, այլ ընտրություն ունեն, քան վերջիվերջո Եվրոպային դիմելը եւ Եվրամիություն մտնելը: Դրա համար տնտեսություն եւ ֆինանսներ են պետք: Եվրամիությունից ավելի լավ բան ոչ ոք չի հորինել, եւ եվրոպական արժեքներն ամենաթանկարժեքն են: Այնպես որ, վաղ թե ուշ, բոլոր պետությունները, որոնք ԵՄ հարեւանությամբ են գտնվում, կդառնան նրա անդամները”, – ասել է Իվանիշվիլին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ