Այդքան էժան գնո՞վ վաճառել աշխարհի Տիրոջը
Ավագ չորեքշաբթին հիշատակն է Բեթանիայում Քրիստոսի օծման և մատնության։
Բեթանիայում բորոտ Սիմոնի տանը մի կին թանկարժեք յուղով օծեց Քրիստոսին։ Տեսնելով դա՝ Հուդան, մտածեց, որ կարելի էր այդ յուղը վաճառել ու գումարը բաժանել աղքատներին։ Քրիստոս արձագանքեց՝ ասելով, որ այդ կինը լավ բան արեց. «Աղքատներին միշտ ձեզ հետ ունեք, բայց Ինձ միշտ ձեզ հետ չեք ունենալու»։
Այս պատմությունը ներկայացնում է մի կնոջ, ով Քրիստոսի համար բարի գործ արեց.
ա. Կինը ցույց տվեց իր անմնացորդ սերը Քրիստոսի նկատմամբ՝ Տիրոջն ընծայելով ամենաթանկ բանը, որ ուներ։ Երբ իրականում սիրում ես, ինչ էլ նվիրես՝ քիչ ես համարում։
բ. Գուցե առաջին հայացքից բանական չէր այդ յուղը պարզապես վատնելը, ինչպես և Հուդան նկատեց։ Բայց սերն առաջնորդվում է սրտի պահանջով, այլ ոչ թե հաշվենկատության օրենքով։
գ. Իրականում, եթե ցանկանում ենք աղքատներին օգնել, դրա հնարավորությունը միշտ էլ ունենք։ Իսկ Աստծո հետ հարաբերության մեջ երբեք չի կարելի ժլատ լինել։ Խոսքը նյութական արժեքների մեջ չէ, Աստծուն պետք է ընծայել ամենաթանկը, որ ունենք։
Այս դեպքից հետո Հուդան որոշեց մատնել Քրիստոսին երեսուն արծաթով։ Ինչո՞ւ։ Պատճառները գուցե տարբեր են.
ա. Գուցե ժլատությո՞ւնն էր պատճառը։ Ինչպես Ավետարանն է վկայում, նա գող էր։ Եթե սա էր պատճառն, ապա Հուդան աշխարհի պատմության մեջ ամենաանհաջող գործարքն իրականացրեց. այդքան էժան գնո՞վ վաճառել աշխարհի Տիրոջը։ Սա հատուկ է նյութապաշտ և ժլատ մարդուն։ Երեսուն արծաթն այն ժամանակվա աշխատողի մոտավորապես չորս օրվա վարձն էր։
բ. Գուցե մյուս պատճառն այն էր, որ Հուդայի հայրենասիրական զգացումներն էին վիրավորված։ Քանի որ, ինչպես մյուս հրեաներն, այնպես էլ Հուդան ակնկալում էին, որ Հիսուս կառաջնորդի իրենց՝ թոթափելու հռոմեական լուծը։ Հուդան հավատում էր, որ Հիսուս դա կարող էր անել, և մարդիկ կգնային Նրա ետևից, բայց երբ տեսավ, որ Հիսուս այլ մոտեցում ունի, Նրան համարեց դավաճան։ Հուդան ատեց Քրիստոսին, երբ հասկացավ, որ Նա այն Քրիստոսը չէ, Ում ինքն էր պատկերացնում։
գ. Հնարավոր է, որ Հուդան երբեք էլ չէր ցանկանում Հիսուսի մահը։ Պարզապես մատնությամբ փորձեց արագացնել դեպքերի ընթացքը. կարծում էր, թե եթե Քրիստոսին ձերբակալեն, Նա ստիպված կլինի արդեն պայքարի դուրս գալ երկնային զորքերի հետ միասին։
Ինչպիսիսն էլ լինի պատճառը, մի բան հստակ է, որ Հուդայի ողբերգությունն այն էր, որ չցանկացավ Քրիստոսին ընդունել այնպիսին, ինչպիսին Նա կար։ Ցանկացավ Քրիստոսին տեսնել այնպիսին, ինչպիսին ինքն էր պատկերացնում։
Մենք չենք կարող Քրիստոսին փոխել։ Իրականում մե՛նք պետք է փոխվենք Քրիստոսի ողորմության և սիրո զորությամբ։ Չի՛ կարելի Աստծուն օգտագործել մեր նպատակների համար, մե՛նք պետք է ծառայենք Տիրոջ կամքին ու նպատակներին։
Տեր Եսայի քահանա Արթենյան