Չի բացառվում, որ ընտրություններն ընթանան երկու փուլով. Ջ. Մելիքյան
Լրագրողների հետ այսօր տեղի ունեցած հանդիպման ժամանակ վրացագետ Ջոնի Մելիքյանն ասաց, որ Վրաստանում հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին նախագահի թեկնածուներ Գեորգի Մարգվելաշվիլին, Դավիթ Բաքրաձեն եւ Նինո Բուրջանաձեն ունեն քիչ թե շատ բարձր վարկանիշ:
Ըստ նրա` Ջավախքում այս երեք թեկնածուներն էլ կունենան հավասար հնարավորություն` պայքարելու նախագահի պաշտոնի համար:
Վրացագետի կարծիքով` հայ-վրացական հարաբերությունների վատացում չի կարող լինել անկախ նրանից, թե այս թեկնածուներից ով կընտրվի նախագահ: Հաջորդ տարվանից Վրաստանն անցնում է խորհրդարանական կառավարման համակարգի, հետեւաբար կարևոր է, թե ով է լինելու վարչապետը:
“Բիձինա Իվանիշվիլին փորձում է պրագմատիկ քայլեր անել քաղաքականության մեջ` մասնավորապես ադրբեջանաթուրքական գործոնին Իվանիշվիլին ջանում է հակազդել ռուս-հայկական հարաբերություններով”,- նշեց Ջոնի Մելիքյանը:
Վրացագետի կարծիքով` թե ինչպես Վրաստանում կընթանան նախագահական ընտրությունները, առայժմ դժվար է ասել, բայց ակնհայտ է, որ Աջարիայում պայքարը կընթանա Բուրջանաձեի եւ Մարգվելաշվիլիի միջև:
“Չի բացառվում, որ ընտրություններն ընթանան երկու փուլով, քանի որ իշխող կոալիցիայի վարկանիշն աստիճանաբար անկում է ապրում: Իվանիշվիլին հայտարարել է, որ եթե ընտրությունները նորմալ ընթանան եւ իրենց առաջադրած թեկնածուն հաղթի, ինքը կհեռանա քաղաքականությունից եւ երկրի զարգացմանն ու քաղաքական գործընթացներին կհետեւի հեռվից”,- ասում է Ջ. Մելիքյանը: