Խաղող են մթերում
![](https://henaran.am/wp-content/uploads/images/news/xaxox_1378738476.jpg)
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը եւ Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանն այսօր Երեւանի կոնյակի գործարարնի Այգավանի մասնաճյուղում մասնակցել են խաղողի մթերման մեկնարկին:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ մասնավորապես նշել է. “Առաջիկա երեք օրերի ընթացքում մյուս գործարանները եւս կսկսեն խաղողի մթերման աշխատանքները: Նախորդ տարի հանրապետությունում մթերվել է շուրջ 156 000 տոննա խաղող, իսկ այս տարի խաղողի մթերման պահանջարկը կազմում է ավելի քան 170 000 տոննա: Մի քանի մթերող ընկերություններ, այդ թվում` Երեւանի կոնյակի գործարանը, հայտարարել են, որ պատրաստ են ընդունել անսահմանափակ քանակությամբ խաղող: Այսպիսով, կարող ենք նշել, որ այս տարի խաղողի մթերման աշխատանքները սահուն կընթանան”:
Անդրադառնալով խաղողի արտադրման պահանջարկին` նախարարը նշել է, որ նախորդ տարի հանրապետությունում արտադրվել է ավելի քան 241 000 տոննա խաղող: Այս տարի եւս կանխատեսվում է, որ կպահպանվեն արտադրման ծավալները:
Երեւանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանի փոխանցմամբ՝ այս տարի գործարանը նախատեսում է մթերել 35000 տոննա խաղող, ինչը շուրջ 10 000 տոննայով գերազանցում է անցյալ տարի մթերված խաղողի ծավալը: Գործարանն այս տարի մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանել է 145 ՀՀ դրամ Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերի համար եւ 135 դրամ Տավուշի տարածաշրջանի համար, համապատասխանաբար անցյալ տարվա 140 եւ 130 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում: