12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը Գեղարքունիքում էր /ֆոտո/

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Գեղարքունիքի մարզ: Հանրապետության Նախագահը Գավառում այցելել է “Սեւան” հանքային ջրերի գործարան, ծանոթացել գործարանում իրականացվող շինարարական եւ վերանորոգման աշխատանքների ընթացքին, արտադրական հնարավորություններին, ներդրումային եւ հետագա զարգացման ծրագրերին:

Նշվել է, որ “Սեւան”  հանքային ջրերի գործարանը կգործարկվի 2014թ. սեպտեմբերին: Արտադրական ամբողջական գործունեությունն սկսելուց հետո, նախատեսվում է շուրջ 200 աշխատատեղերի բացում՝ ներառյալ մարքեթինգի ոլորտում աշխատատեղերը:

Գեղարքունիքի մարզպետարանում Նախագահը հրավիրել է խորհրդակցություն Սեւանա լճի հիմնահարցերի վերաբերյալ: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ Նախագահին առընթեր Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի անդամներ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը, “Շրջակա միջավայրի վրա ներգործության մոնիթորինգի կենտրոն” ՊՈԱԿ-ի տնօրեն Լեւոն Վարդանյանը, “Հայկական բերքի առաջմղման կենտրոնի” գլխավոր փորձագետ Էդվարդ Գեւորգյանը, ՀՀ ԳԱԱ կենդանաբանության եւ հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, Նախագահի աշխատակազմի եւ շահագրգիռ պետական այլ մարմինների պատասխանատու պաշտոնյաներ:

Հանրապետության Նախագահին զեկուցել են Սեւանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի կողմից 2013թ. առաջին կիսամյակում կատարված աշխատանքները եւ Սեւանա լճի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման փորձնական ծրագրի հիմնական արդյունքները: Նշվել է, որ հիմք ընդունելով փորձնական ծրագրի արդյունքները, ինչպես նաեւ միջազգային լավագույն փորձը, կմշակվի Սեւանա լճի տարածքում ձկնաբուծության զարգացման համապարփակ ծրագիր, որը կընդգրկի ձկան մայրական կազմի ձեւավորումը, ձկնկիթի արտադրությունը, մանրաձկան արտադրությունը, ձկան կերի արտադրությունը, ձկան արտադրությունը եւ վերամշակումը, ոլորտը համակարգող ասոցիացիան, գիտահետազոտական կենտրոնները եւ լաբորատորիաները, որակի եւ անվտանգության հավաստման համակարգը, արտադրանքի արտահանումը եւ իրացումը:

Զեկույցի համաձայն, Սեւանա լճում էնդեմիկ ձկնատեսակների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման ծրագիրը նախատեսվում է մշակել եւ ներկայացնել ՀՀ կառավարություն 2013 թվականի հոկտեմբեր ամսին:

Նախագահը կարեւորել է նման խոշոր եւ տարածաշրջանի զարգացման համար էական նշանակություն ունեցող ծրագրերի իրագործումը, այդ համատեքստում ընդգծելով, որ ներկայացված ծրագիրը եւ՛ Սեւանա լճի բնապահպանական, էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման ու ձկնային պաշարների համալրման, եւ՛ մարզի սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման տեսանկյունից մեծ կարեւորություն ունի:

Աշխատանքային այցի ընթացքում Նախագահ Սերժ Սարգսյանը ծանոթացել է նաեւ Գավառի Արծվաքար թաղամաս տանող ճանապարհահատվածի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, որի վերաբերյալ հանձնարարական էր տվել դեռեւս 2012թ. մարզ կատարած այցելության ժամանակ: Աշխատանքներն իրականացվում են ՀՀ 2013թ. պետական բյուջեով նախատեսված ճանապարհների հիմնանորոգման ծրագրով: Զեկուցվել է, որ հիմնանորոգվող ճանապարհահատվածի աշխատանքները կավարտվեն ս.թ. հոկտեմբերի 30-ին:

Ծրագրով նախատեսվում է կառուցել նոր ճանապարհային ծածկ` ասֆալտբետոնե պատվածքով, վերականգնել շուրջ 1800գծմ ջրահեռացման համակարգը, Արծվաքար թաղամասում կառուցել 1-2մ լայնությամբ, 2450գծմ ընդհանուր երկարությամբ երկկողմանի մայթեր:

Գեղարքունիքի մարզի Վարդաձոր եւ Ձորագյուղ համայնքներում այսօր Սերժ Սարգսյանին կներկայացվեն նաեւ “Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման եւ մրցունակության ծրագրի” շրջանակներում հիշյալ համայնքներում հեռագնա արոտների ջրարբիացման ծրագրի արդյունքները:

Այցի ավարտին Հանրապետության նախագահը Մարտունի քաղաքի մշակույթի տանը ներկա կգտնվի “Սեւանա լիճ-2013” շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը:

 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ