Ադրբեջանը սպառնում է սանձազերծել հերթական պատերազմ.Արցախի ԱԳՆ
Բաքուն նպատակաուղղված խորացնում է կողմերի միջեւ անվստահությունը: Նման հայտարարությամբ է հանդես եկել Արցախի ԱԳՆ-ն:
Տարածված հայտարարությունում ասվում է.
«Այսօր լրանում է ուղիղ մեկ տարի, ինչ ավարտվեց ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության ուժային լուծման նպատակով Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիան։ 2016 թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը, ադրբեջանական զինված ուժերը սահմանի ողջ երկայնքով նախաձեռնեցին լայնածավալ հարձակում՝ օգտագործելով ծանր զինխնիկա, հրետանի եւ ռազմական օդուժ։ Միայն կենդանի ուժի ու տեխնիկայի զգալի կորուստներ կրելուց հետո Ադրբեջանը ստիպված եղավ 2016 թ. ապրիլի 5-ին Ռուսաստանի միջնորդությամբ խնդրել ռազմական գործողությունների դադարեցում։
Միջազգային մարդասիրական իրավունքի բազմաթիվ խախտումներով ու ռազմական հանցագործություններով ուղեկցված ադրբեջանական ագրեսիան լուրջ մարտահրավեր դարձավ տարածաշրջանային խաղաղությանն ու անվտանգությանը եւ մեծ վնաս հասցրեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերի շրջանակներում ընթացող ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին։
Ռազմական գործողությունների ավարտից հետո անցած մեկ տարվա ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանքեր էին գործադրում բանակցային գործընթացի լիարժեք վերականգնման համար պայմանների ստեղծման ուղղությամբ:
Արցախի Հանրապետությունը հետեւողականորեն աջակցություն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարություններին, որոնք վերաբերում են 1994 թ. մայիսի 12-ի հրադադարի մասին համաձայնագրի լիակատար պահպանման, 1995 թ. փետրվարի 6-ի հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագրի դրույթների գործնական կիրառման, ինչպես նաեւ միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման եւ ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ Վիեննայում (2016 թ. մայիսի 16) եւ Սանկտ-Պետերբուրգում (2016 թ. հունիսի 20) ձեռք բերված համաձայնությունների իրագործման անհրաժեշտությանը։
Ադրբեջանը ոչ միայն մերժում է այդ առաջարկները, այլեւ տապալում ցանկացած նախաձեռնություն, որն ուղղված է ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության բացառմանը։ Ավելին, այս ողջ ժամանակահատվածում Ադրբեջանը չի հրաժարվում փորձերից՝ տեղափոխել առճակատման տրամաբանությունը տնտեսության, մշակույթի եւ նույնիսկ մարդկային շփումների բնագավառներ։
Ցուցադրելով բանակցությունների միջոցով հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու ցանկության լիակատար բացակայություն՝ ադրբեջանական իշխանությունները սպառնում են սանձազերծել հերթական պատերազմ։ Հետեւողականորեն բարձրացնելով լարվածության աստիճանն Արցախի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում եւ շարունակելով առճակատման ու թշնամանքի քաղաքականությունը՝ Բաքուն նպատակաուղղված կերպով խորացնում է կողմերի միջեւ անվստահությունը եւ ձգտում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը դարձնել սեփական ապակառուցողական քաղաքականության ու մաքսիմալիստական պահանջների պատանդը։