Թուրքական լրատվամիջոցներն անդրադարձել են ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին

Թուրքական պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, իշխանամետ «TimeTurk», «Dunya» լրատվամիջոցները, ինչպես նաև ընդդիմադիր կայքերի համարում ունեցող մի շարք այլ լրատվամիջոցներ անդրադարձել են ՀՀ խորհրդարանական ընտրություններին:
Թեման լուսաբանած լրատվամիջոցներում հրապարակված նյութը նույնաբովանդակ է և ունի տեղեկատվական բնույթ ընտրությունների մեկնարկի, մասնակից քաղաքական ուժերի, հավանական հաղթողների մասին: «Հայաստանում մեկնարկել են խորհրդարանական ընտրությունները» վերնագրով տեղեկատվության մեջ նշվում է, որ 2015-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից հետո երկիրը անցել է պետական կառավարման համակարգի խորհրդարանական մոդելին, որը ուժի մեջ կմտնի նախագահի պաշտոնավարման ժամկետի ավարտից հետո 2018-ին:
Թվարկվում են ընտրություններին մասնակցող բոլոր կուսակցությունները ու ներկայացվում դաշինքների կազմի մասին:
Վկայակոչելով սոցհարցումների արդյունքները՝ նշվում է, որ ֆավորիտ է համարվում է ՀՀ նախագահի գլխավորած «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը», որին հաջորդում է «Ծառուկյան դաշինքը»: Դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը բնորոշվում է որպես «միլիարդատեր գործարար»:
Նախկին ՊՆ ղեկավար Սեյրան Օհանյանի մասին նշվում է, որ ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ ադրբեջանական զինուժի կողմից կարևոր հենակետեր գրավելուց հետո պաշտոնանկ է արվել և դաշինք կազմել ընդդիմադիր ուժերի հետ: