Հայաստանն այսօր Ազգային ժողով է ընտրում
Այսօր Հայաստանում անցկացվում են Ազգային ժողովի ընտրություններ։ Առավոտյան 8։00-ին բացվել են ՀՀ բոլոր 2009 ընտրական տեղամասերը։
2015թ. դեկտեմբերին կայացած հանրաքվեով ընդունված Սահմանադրությամբ Հայաստանի 6-րդ գումարման Ազգային ժողով են անցնելու առնվազն 105 պատգամավորներ, որոնցից 4-ը՝ ազգային փոքրամասնություններին տրվող հատուկ քվոտաներով)։
2017թ. ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները միակ համապետական ընտրություններն են առաջիկա հինգ տարիների ընթացքում, քանի որ, նույն սահմանադրական փոփոխության համաձայն, Հայաստանը դառնում է խորհրդարանական հանրապետություն։
Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 9 քաղաքական ուժ՝ 4 դաշինք և 5 կուսակցություն՝ «ԵԼՔ» դաշինքը, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը, «Ծառուկյան» դաշինքը, «Կոնգրես-ՀԺԿ» դաշինք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը, «Հայկական վերածնունդ» կուսակցությունը, Հայաստանի կոմունիստական կուսակցությունը։
2017թ․ 6-րդ գումարման Ազգային ժողովը ձեւավորվելու է միայն համամասնական ընտրական համակարգով՝ բաղկացած երկու աստիճանից՝ համապետական կամ տարածքային:
Հայաստանում, համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզային վարչության վերջին տվյալների, ընտրելու իրավունք ունի 2,564,195 մարդ: