Երեւանը առավել հետաքրքիր եւ հարմարավետ կդառնա զբոսաշրջիկների համար.Տարոն Մարգարյան
Զբոսաշրջության միջազգային օրվա կապակցությամբ՝ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի նախաձեռնող-կազմակերպիչներ՝ Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի պատվիրակության եւ Տուրիզմի հայկական ինստիտուտի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:
Շնորհավորելով հյուրերին մասնագիտական օրվա կապակցությամբ եւ հաջողություն մաղթելով գիրատշավի կազմակերպիչներին ՝ Տարոն Մարգարյանը պատրաստակամությունն է հայտնել քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում աջակցել նախաձեռնությանը:
“Զբոսաշրջային գրավչության առումով փորձում ենք Երեւանը առավել հետաքրքիր եւ հարմարավետ դարձնել զբոսաշրջիկների համար: Աջակցելով գիտարշավին՝ պատրաստ ենք նաեւ համագործակցել եւ նոր ու հետաքրքիր մտահղացումներ եւ համատեղ ծրագրեր ու միջոցառումներ իրականացնել: Ողջունում եմ բուհի մեծ առաքելությունը՝ տուրիզմը որպես գիտություն զարգացնելու եւ բարձրակարգ կադրեր պատրաստելու հարցում, ինչը համահունչ է Երեւանի քաղաքապետարանի զբոսաշրջային հայեցակարգին”,- նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Հայաստանի տուրիզմի ինստիտուտի ռեկտոր Ռոբերտ Սահակյանը նշել է, որ գիտաժողովի նպատակն է Հայաստանում ի հայտ բերել զբոսաշրջային նոր ռեսուրսներ եւ որպես ապրանք ներկայացնել արտաքին շուկաներ: Ռեկտորը հավելել է նաեւ, որ Երեւանը ակնհայտ բարեփոխվել է եւ տեսանելի են հատկապես կոլորիտային քաղաք ստեղծելուն ուղղված աշխատանքները:
Ռուսաստանի տուրիզմի միջազգային ակադեմիայի ռեկտոր Յուրի Լագուսեվը շնորհակալություն է հայտնել քաղաքապետին ընդունելության, ինչպես նաեւ գիտարշավի նախաձեռնության աջակիցը լինելու համար եւ լիազորված լինելով ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից՝ Տարոն Մարգարյանին պարգեւատրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ՌՏՄԱ-ի Պատվո նշանով՝ զբոսաշրջային ոլորտի զարգացման գործում ներդրած ավանդի համար:
ՌՏՄԱ-ի ռեկտորը քաղաքապետ Տարոն Մարգարյանին է հանձնել Մոսկվայի կառավարության Զբոսաշրջության եւ հյուրանոցային տնտեսության կոմիտեի նախագահ Ս. Պ. Շպիլկոյի շնորհակալական ուղերձը:
Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը Հայաստանում անցկացվող առաջին տուրիստական գիտարշավի վերաբերյալ մենագրություն է հրատարակվելու, որը ներկայացվելու է ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ռուսաստանի աշխարհագրական ընկերություններին: