Դավադրություն. ո՞վ է հնարավոր արյունահեղության թիկունքում
Ինչպես հայտնի է, երեկ ուշ երեկոյան հարձակում են գործել ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կողմնակիցների վրա:
Հիշեցնենք` զինված հարձակում գործած անձի ինքնությունը պարզվել է. նա Արթուր Այվազյանն է՝ «Մանախ» մականունով, ով մեղադրվում էր «Հոկտեմբերի 27»-ի գործով կարևորագույն վկաներից մեկի՝ Սամվել Առաքելյանի սպանությունը պատվիրելու գործում: Ընտրական առանց այն էլ շիկացած մթնոլորտում ո՞ւմ է ձեռնտու արյունահեղությունը:
Պատասխանելով մեր հարցին` քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը henaran.am-ի հետ զրույցում մասնավորապես նշեց. «Արդեն մի քանի ժամ է մնացել որ քվեարկությունը սկսի, իսկ դա նշանակում է, որ անկախ նրանից, թե այդ հարձակումը ով էր կազմակերպել, դա չի կարող վնասել իշխանությանը կամ օգնել «Ելք»-ին վարկանիշ բարձրացնելու համար, եթե այս դեպքը
PR տեսանկյունից դիտարկենք: Ամեն դեպքում, իհարկե, այս հարձակումը դատապարտելի է»:
Ստեղծված իրավիճակում միանգամայն տրամաբանական է, որ տեղի ունեցածը իշխանության դեմ է սարքվել` խժդժություններ կամ արյունահեղություն հրահրելու նպատակով. «Ով էլ դա արած լինի, դա չի օգտագործվի ՀՀԿ-ի վարկանիշն իջեցնելու կամ բարձրացնելու համար. արդեն ժամանակ չկա»:
Արմեն Բադալյանի կարծիքով սա ո’չ PR եղավ, ո’չ էլ, այսպես ասած, «հակա-PR»:
«Եթե դա տեղի ունենար, ասենք, մի 4-5 օր առաջ, դա կարող էր աշխատել «Ելք»-ի օգտին, այսինքն` «Ելք»-ը սա կարող էր, այսպես ասած, «ռասկռուտկա» անել, իսկ հիմա, ինչպես նշեցի, ժամանակ չի մնացել: Այս պահին դժվար է ասել` ում էր այս ամենը ձեռնտու: Եթե անգամ դավադրությունների տեսությունը դիտարկենք մի պահ, դիցուք,
եթե անգամ «Ելք»-ը ուզենար նման բան կազմակերպել ու «ռազկռուտկա» անել ցույց տալու համար
որ իրական ընդդիմությունն է, և այլն…, դա միևնույն է, այս կարճ ժամանակում արդյունք չէր տալու»: