Պարոն Աբրահամյան, սա՞ է ձեր` 10 տարվա արտգործնախարարի հանդեպ վերաբերմունքը ”
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն օգտվելով արտահերթության կարգով հարց ուղղելու իր իրավունքից, Վարդան Օսկանյանին քիչ առաջ խնդրեց պարզաբանել, թե Վարդան Օսկանյանի մատնանշած գումարը, որն ունեցել է իր տիկնոջ` Նանի Օսկանյանի հետ եղե՞լ է նույն հաշվեհամարին, որին փոխանցվել է Հանթսմանի գումարը, թե՞ եղել է այլ հաշվեհամարի վրա:
“Պարոն Աբրահամյան, ես գիտեմ, թե դուք ինչի եք ուզում հասնել: Ոչ, այդ 410 հազարը նույն հաշվին չի եղել, բայց հետագայում, երեք հարյուր յոթանասուն հազարը նույն հաշվին է եղել: 404 հազարը տարբեր ուրիշ հաշիվներին է եղել, երբ որ Հանթսմանի հաշիվն է բացվել, ես ունեցել եմ հինգ տարբեր հաշիվներ”,-նշեց Վարդան Օսկանյանն ու հավելեց, թե այս չորս հարյուր տասը հազարի մասին նշեց, ցույց տալու համար, որ ինքը գումար ունեցել է եւ եթե ինչ-որ ծախսեր կատարեր, Հանթսմանի հաշիվներից չէ, որ կարող էր անել: Օսկանյանն ասաց նաեւ, որ Հանթսմանի եւ իր հաշիվների հավասարակշռությունը երբեք չի խախտվել ի վնաս Սիվիլիթասի:
Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ իրեն վիրավորված է զգում, եթե անգամ ինչ-որ բանում սխալվել են հարցը կարելի էր լուծել արդարադատության նախարարության կամ հարկային մարմնի, բայց ոչ ԱԱԾ-ի միջոցով: “Պարոն Աբրահամյան, սա՞ է ձեր` 10 տարվա արտգործնախարարի հանդեպ վերաբերմունքը ”,-հայտարարեց Օսկանյանը:
ԱԺ նախագահն ի պատասխան նշեց, թե եթե պարոն Օսկանյանը ժամանակին գնար եւ իրավապահ մարմիններին այս ամենն ասեր, փոխանակ խուսափելու, գուցե այս իրավիճակը չստեղծվեր:
“Առիթ տվեցիք ինձ, պարոն Աբրահամյան”,-նկատեց Օսկանյանը, ինչին Հովիկ Աբրահամյանը արձագանքեց.”Առիթ տալը քաղաքական կատեգորիա չէ”:
Սրան հաջորդեց Վարդան Օսկանյանի հայտարարությունը, թե Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից ինքը խաբված է եղել: “Ձեզ մոտ հանդիպմանը այլ բան խոսվեց, ես այդ հանդիպումից խաբված եմ զգում, պարոն Աբրահամյան, դու պետք է ինձ զանգահարեիք”, -հայտարարեց Օսկանյանը եւ եզրափակեց.”Դուք ինձ հանդիպեցիք ինչ-որ նպատակով, ես չեմ ուզում ասել… Ես պետք է գամ եւ Ձեզ հետ խոսեմ, դա անձնական հարց է, ես ինձ խաբված եմ զգում”:
“Մենք այդ օրը անձնական ոչ մի բան չէինք խոսում, այլ հստակեցնում էինք հարցերը”,-արձագանքեց ԱԺ նախագահը եւ հարցի համար ձայնը փոխանցեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին:
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հայտարարեց, որ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի աշխատասենյակում Սիվիլիթասի եւ Վարդան Օսկանյանի գործով հանդիպում է ունեցել Վարդան Օսկանյանի եւ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ: