29 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Սերժ Սարգսյանը կգնա՞ այդպիսի ռիսկի. Ժամանակ

Խորհրդարանի ընտրությանը ՀՀԿ-ի և «Ծառուկյանե դաշինքի, այսպես ասած, համոզիչ առավելությամբ հաղթանակին գործնականում չի կասկածում երևի թե ոչ ոք: Թերևս, կասկածի ենթակա չէ և այն, որ դասավորությամբ առաջինը կլինի ՀՀԿ-ն: Ինտրիգը շարունակում է լինել այն՝ արդյոք ՀՀԿ-ն կվերցնի՞ մեծամասնությունը միաձայն կազմելու հնարավորություն տվող տոկոս, թե՞ առանց կոալիցիայի այդ մեծամասնությունը կդառնա անհնարին: Եվ ո՞ւմ հետ այդ դեպքում կոալիցիա կկազմի ՀՀԿ-ն՝ Գագիկ Ծառուկյանի՞, թե՞ ՀՅԴ-ի, որն անկասկած կհաղթահարի 5 տոկոսը, եթե անգամ ոչ առանց իշխանության օգնության, և այդպիսով կլինի այն հավելյալ տոկոսը, որը կարող է օգնել ՀՀԿ-ին կազմել կայուն մեծամասնություն: Բայց թվաբանական կոմբինացիաները, իհարկե, այստեղ կարող են բազմազան լինել: Ամբողջ հարցն այն է, թե արդյոք Սերժ Սարգսյանը կգնա՞ այդպիսի ռիսկի 2018 թվականի ապրիլից առաջ, երբ, փաստորեն, ինքն իրեն կախվածության մեջ կդնի ՀՅԴ-ից կամ առհասարակ կոալիցիայից:

Այստեղ, իհարկե, տարբերակները միարժեք չեն: Վերջին հաշվով, ՀՀԿ-ն ինքն էլ, որպես կառույց, յուրօրինակ կոալիցիա է, որտեղ մեկտեղված են տարբեր շահեր ունեցող մի շարք մեծ ու փոքր խմբավորումներ: Պարզապես նրանց միջև այսպես ասած ընդհանրությունները, ընդհանուր շահերը և ընդհանուր հայտարարը ավելի խորն են, ինչն էլ բերել է մեկ կուսակցական ֆորմատում տեղավորվելուն: Բայց երբ խնդիրը հանգում է արդեն կոնկրետ իշխանության ձևավորմանը, որը փաստորեն ղեկավարելու է առաջիկա հնգամյակը, ապա այստեղ արդեն ամենևին բացառված չէ, որ նույն Սերժ Սարգսյանը շատ ավելի ընդհանրություն գտնի, օրինակ, Դաշնակցության հետ, քան ՀՀԿ-ում որևէ խմբավորման, լինի դա մեծ, թե փոքր:

Ահա այս իրավիճակում Սարգսյանի համար կարող է կարևոր լինել, որպեսզի խորհրդարանական մեծամասնության առումով ամեն ինչ կախված չլինի միայն ՀՀԿ-ի կազմից: Դրան զուգահեռ, Սարգսյանի համար շատ կարևոր է նաև կանխատեսելիությունը: Իսկ միասնական կուսակցական ֆորմատը, այդուամենայնիվ, առավել կանխատեսելի է դարձնում իրավիճակը, ավելի մեծ խողովակներ ընձեռում տարբեր հարցեր կարգավորելու համար: Իսկ այդ տեսանկյունից, ՀՀԿ միանձնյա մեծամասնությունը կանխատեսելիության այն նվազագույն երաշխիքն է, որ կարող է ունենալ Սերժ Սարգսյանը: Այդ ամենի համադրությամբ, եթե անգամ լինի նոր կոալիցիա, ապա այն իր ֆորմատով թերևս չի տարբերվի ներկայիս կոալիցիայից կամ այն կոալիցիայից, որ կար, օրինակ, 2008 թվականից հետո. ՀՀԿ-ն պրակտիկորեն ունի միանձնյա մեծամասնություն, բայց կազմվում է նաև կոալիցիա և ներգրավվում են տարբեր ուժեր իշխանությունը բալանսավորելու համար:

Այսինքն՝ Սերժ Սարգսյանն ըստ ամենայնի դնելու է ոչ թե մեծամասնություն ձևավորելու, այլ մեծամասնությունը բալանսավորելու խնդիր. եթե Սերժ Սարգսյանի օրակարգում կա կոալիցիոն տարբերակի վերաբերյալ որևէ սցենար կամ պլան, ապա դրա մոտիվացիոն հիմքում լինելու է, թերևս, ոչ թե մեծամասնություն կազմելու կամ ձևավորելու, այլ ձևավորված կամ ձևավորվելիք մեծամասնությունը բալանսավորելու խնդիր: Թեև այստեղ, իհարկե, բալանսավորող դեր կարող է խաղալ նաև բավականին ուժեղ ընդդիմությունը, որը կունենա տեսականում ոչ միանձնյա՝ կոալիցիոն մեծամասնություն ձևավորելու տարբերակ: Այդպիսի ուժ կհանդիսանա «Ծառուկյանե դաշինքը:

Ի դեպ, այդ մասով հազիվ թե իրատեսական լինեն գնահատականները, թե Սերժ Սարգսյանի համար անակնկալ էր Ծառուկյանի մեծ ժողովրդականությունը: Ավելին, թերևս հենց այդ հանգամանքն էլ պատճառ է հանդիսացել, որ «չողջունելովե նրա վերադարձը, Սերժ Սարգսյանն այդուհանդերձ չխանգարի այդ վերադարձին, քանի որ ուժեղ երկրորդ բևեռի անհրաժեշտություն կա ոչ միայն մի քանի հարյուր հազար բողոքավոր ընտրազանգված կառավարելու, այլ նաև բավականին բողոքավոր և կասկածելի մթնոլորտ ունեցող մեծամասնությունը բալանսավորելու համար: Այլ կերպ ասած՝ 2017 թվականի խորհրդարանում Սերժ Սարգսյանը եթե ձևավորի կոալիցիա կամ եթե դիտարկում է կոալիցիայի ձևավորման որևէ տարբերակ, ապա դա ավելի շուտ ստվերային կոալիցիայի տարբերակն է, այսպես ասած՝ «տեսականե կոալիցիան առանց ՀՀԿ-ի, որը, սակայն, գործնական իմաստով մեծամասնություն կարող է դառնալ ՀՀԿ որևէ խմբի աջակցության պարագայում:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ