Բացառված չէ, որ ընթացիկ տարում ավելի վտանգավոր իրավիճակ ստեղծվի շփման գծում. բրիտանացի փորձագետ
Կովկասյան հարցերով բրիտանացի փորձագետ, Կարնեգի հիմնադրամի գիտաշխատող Թոմաս դը Վաալն այսօր քննարկման ժամանակ նշեց, որ Ադրբեջանի մասին խոսելիս պետք է հասկանալ, որ սա բաց հասարակություն չէ: Իհարկե, ըստ նրա, ակնհայտ է, որ մարդիկ իրենց տներում խոսում են այն մասին, որ չեն ցանկանում, որ իրենց որդիները սպանվեն ռազմադաշտում: «Այսօր հայ ու ադրբեջանցի հասարակությունները հիասթափություն են ապրել այդ տարածքների կորցնելու վերաբերյալ, Ղարաղաբը վերջիվերջո ինչ-որ ինքնիշխանության կարգավիճակ է ունենալու, բայց մնացած տարածնքները կվերադարձվեն, մենք անվանում ենք դա գրավված տարածքներ, դրանք հայկական բանկչություն չեն ունեցել»,-հայտարարեց նա:
Վերջինս ընդգծեց, որ անցած տարին շատ վտանգավոր էր, և հիմա էլ առկա են լարման մի շարք հնարավորություններ: Թոմաս դե Վաալը նշեց, որ հիմա բացակայում է միջազգային հանրության միտվածությունը գործընթացն առաջ տանելու համար:
«Անհրաժեշտ է լուրջ միջազգային դերակատար, ինչպես Ռուսաստանը, որը պետք է հանձնառու լինի այդ աշխատանքն իրականացնելու համար»,- ասաց փորձագետը՝ նշելով, որ չնայած ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը լուրջ դիվանագետ է, սակայն նա էլ հանձնառություն չի վերցնում իր վրա նման բան անելու համար:
«Երկու կողմերն էլ հայտարարում են, որ հենց Ռուսաստանն է և սադրում, և հաշտեցնում արցախյան հակամարտության կողմերին։ Սակայն նաև ակնհայտ է, որ միայն Ռուսաստանը չպետք է հաշտեցնողի դերում լինի, քանի որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը կարևոր է նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի համար։ Հիասթափեցնում է այն փաստը, որ հակամարտության կարգավորման գործընթացում Ֆրանսիան իրեն ավելի թույլ դիրքերում է պահում, իսկ ԱՄՆ-ը՝ ելնելով տվյալ հարցի շուրջ քաղաքական կամքից, թուլացրել է իր դիրքերը»,- նշեց նա:
Նա հույս հայտնեց, որ Վաշինգտոնն ու Մոսկվան կկարողանան համագործակցել արցախյան հակամարտության կարգավորման հարցի շուրջ։
«Բացառված չէ, որ ընթացիկ տարում ավելի վտանգավոր իրավիճակ ստեղծվի շփման գծում՝ ավելի ծանր սպառազինության կիրառմամբ»,-ասաց Թոմաս դե Վաալը։