25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ սպառնալիք կա, ինչու է Երեւանը սպառնում «Իսկանդերով». Ժամանակ

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Երևանում հայտարարել է, որ կա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլան, որը բաղկացած է երեք մասից: Որոնք են այդ մասերն ու ընդհանրապես ինչ պլանի մասին է խոսքը, Ռիչարդ Հոգլանդը չի մանրամասնել: Նա միաժամանակ հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները ներկայումս աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու համար, և առաջիկայում այդ նպատակով կհանդիպեն նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Եթե տեղի ունենա նախագահների հանդիպում, ապա այդ հանդիպումը անկասկած լինելու է խորհրդարանական ընտրություններից հետո, քանի որ, պարզապես, ֆիզիկապես երևի թե հնարավոր չէ ավելի արագ կազմակերպել այդպիսի հանդիպում:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու առաջիկա կիրակի օրը: Այդ ընտրություններից մեկ շաբաթ առաջ Հայաստան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մի քանի շաբաթ առաջ նրանք Բաքվում էին: Հայաստանում նրանց Սերժ Սարգսյանը դիմավորեց բավականին կոշտ հռետորաբանությամբ, իհարկե ոչ թե նրանց հասցեին, և ոչ թե անմիջական դիմավորման արարողությանը, այլ մարտի 25-ին Արցախում ունեցած ելույթում: Այդ ելույթում Սարգսյանը կրկնեց վերջին շաբաթներին արդեն մի քանի անգամ հնչեցված միտքը՝ «Իսկանդերիե համազարկի մասին: Ինչո՞ւ Երևանը հարկ համարեց համանախագահների Հայաստան կատարելիք այցից առաջ ունենալ նման կոշտ ելույթ և կրկին խոսել «Իսկանդերիե մասին:

Արդյո՞ք դրա պատճառը այն պլանն է, որի մասին հայտարարել է ամերիկացի համանախագահը: Թե՞ Սերժ Սարգսյանը պարզապես փորձել է բավական խիստ և բարձր նշաձող սահմանել համանախագահների այցից առաջ, նրանց հետ բանակցությունների համար, կապված թեկուզ Ալիևի հետ հանդիպման հեռանկարի հետ: Ինչպես հայտնի է, Երևանը հանդես է գալիս հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրման պահանջով, ըստ էության այդ մեխանիզմները դիտարկելով՝ բանակցությունները վերսկսելու նախապայման:

Ադրբեջանը մերժում է դրանք, հայտարարելով, թե դա կամրապնդի ստատուս-քվոն: Այս պայմաններում ինչի՞ շուրջ կարող են բանակցել կողմերը, ի՞նչ առաջարկներ կարող են ունենալ Մինսկի խմբի համանախագահները, եթե հարցականի տակ է նաև ընդհանրապես հենց համանախագահ եռյակի կարծիքների ընդհանրությունը:

Այսինքն՝ եռյակն ինքն ունի՞ ընդհանուր պատկերացում և մոտեցում որևէ շարունակության վերաբերյալ: Այս հարցը առավել ուշագրավ կամ հրատապ է դառնում Հոգլանդի մեկ այլ հայտարարության պարագայում, երբ նա խոսելով շփման գծում տեղի ունեցողի հանդեպ այսպես ասած՝ հավասար վերաբերունքի և երկու կողմին էլ ուղղված, անհասցե հայտարարությունների մասին, նշել է՝ շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում շփման գծում, սակայն չեն կարող հավասարություն չպահել, քանի որ կողմերից մեկն այդ դեպքում կարող է հայտարարել միջնորդներին չվստահելու մասին և տապալել ձևաչափը: Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ եթե միջնորդ համանախագահները ըստ էության լինեն միասնական կարևոր, սկզբունքային հարցերում, ապա հազիվ թե հակամարտող կողմերից մեկը, իսկ տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, որը և խախտում է հրադադարը տարբեր ուժգնության միջադեպերով, անվստահություն հայտնի միջնորդներին:

Ի վերջո, խոսքը վերաբերում է աշխարհաքաղաքական երեք ուժային կենտրոնների, միջուկային երեք գերտերությունների, որոնց անվստահություն հայտնելը, մեղմ ասած, այդքան էլ շահեկան բան չէ որևէ երկրի, առավել ևս Ադրբեջանի համար: Այսինքն՝ սա նշանակում է, որ ամերիկացի համանախագահը ակնարկում է միջնորդների շրջանում Ադրբեջանի ունեցած որոշակի աջակցության մասին: Թե հատկապես, որ համանախագահ երկիրն է այդ աջակցությունը ցուցաբերում, երևի թե դժվար չէ գլխի ընկնել: Դրա համար բավական է նայել, թե համանախագահ որ պետությունն է միլիարդավոր դոլարների սպառազինություն վաճառում Ադրբեջանին, դրանով նաև տալով հրադադարը խախտելու իրավունք: Նման պայմաններում, Ադրբեջանն իհարկե կարող է իր հանդեպ հասցեական հայտարարության դեպքում դժգոհել Մինսկի խմբից և անգամ բարձրացնել ֆորմատ փոխելու հարցը: Ի վերջո, Մինսկի խմբի համանախագահության ֆորմատի փոփոխությունը ոչ միայն Բաքվի, այլ նաև Մոսկվայի և Անկարայի բոլորովին էլ ոչ նոր ցանկությունն է:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ