Ահազանգ.որպես ոստիկան ներկայացած անձինք ծեծի են ենթարկել Հրաչիկ Միրզոյանին
ՀՀ ՊՆ պահեստազորի գնդապետ, իրավաբան Վարուժան Ավետիսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
”ԱՀԱԶԱՆԳ. ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՄ ՈՐՊԵՍ ՓԱՍՏԱԲԱՆ
ԱՐՏՈՆԱԳԻՐ 1339
Քիչ առաջ իմ ընկերը` Հրաչիկ Միրզոյանը, որն այս պահին գտնվում է Գեղարքունիքի մարզի Արտանիշ գյուղում, հեռախոսով հայտնեց, որ գիշերվա ժամը 1:30-ի սահմաններում Արտանիշ գյուղի իր տան դուռը ուժեղ ծեծել են քաղաքացիական հագուստով 7-8 հոգի և ներկայացել որպես ոստիկաններ: Նրանք Հրաչից պահանջել են դուռը բացել և դուրս գալ: Հրաչն ասել է, որ չի հավատում, որ իրենք ոստիկաններ են և պահանջել է, որ նրանք հեռանան: Նրանք հեռացել են տան մոտից, իսկ Հրաչը, մտածելով, թե նրանք թողել-գնացել են, դուրս է եկել հողամասի դարպասը փակելու, որտեղ այդ մարդիկ հարձակվել են նրա վրա և գետին են տապալել նրան, ջարդել են ակնոցները և վնասվածքներ պատճառել: Մինչ այդ
Հրաչը տեղի ոստիկանություն է զանգել և օգնություն խնդրել: Նրանք Հրաչին որևէ պահանջ չեն ներկայացրել և իրենք էլ չեն ներկայացել, սակայն սկսել են ճնշում գործադրել նրա վրա, որ տան դուռը բացի: Այդ ընթացքում ժամանել է տեղի ոստիկանության կարգախումբը` փ/գ-տ Մխիթարյանի գլխավորությամբ: Կարճ ժամանակ անց տեղի ոստիկանները միացել են այդ մարդկանց և մինչ այս պահը Հրաչի բակում են ու փորձում են դուռը ջարդելով ներս մտնել: Քանի որ Հրաչը անակընկալ հարձակումից և քաշքշոցից սթրես է տարել և իրեն շատ վատ է զգացել, հարևանները զանգել են շտապ օգնություն: Այժմ Հրաչը հարևանի տանն է և վախենում է դուրս գալ: Հրաչի տանը ներկա պահին կին և մանկահասակ երեխա կա, որոնք շատ վախեցած են: Որպես ոստիկան ներկայացող անձինք նրանց ահաբելում են և սպառնում են դուռը ջարդելով ներս մտնել: Այդ կնոջ բոլոր պահանջները, որ իրենք անօրինական քայլեր են կատարում, անտեսվում են: Ես իմ հեռախոսահամարը տվեցի, որպեսզի այդ մարդիկ զանգեն ինձ և որպես փաստաբան կարողանամ պարզել իրավիճակը, սակայն նրանք ինձ չեն զանգում:
Պաշտոնապես զգուշացնում եմ, որ Հրաչ Միրզոյանի կամ նրա տանը գտնվող անձանց կյանքին ու առողջությանը, ինչպես նաև նրանց իրավունքներին ներկա պահին վտանգ է սպառնում: Ըստ Հրաչի տպավորության, նրանց մի մասը գտնվում են ալկոհոլի ազդեցության տակ”: