Ռուս հաքերները դարի հանցագործությունն են կատարել
Ռուսներն ԱՄՆ-ի պատմության մեջ ամենախոշոր կիբերգրոհի հեղինակներն են դարձել: Նրանց մեղադրում են կրեդիտ եւ դեբիտ քարտերի շուրջ 160 մլն համարներ գողանալու մեջ, գրում է “pravda.ru”-ն: Կատարված հանցանքի համար Վլադիմիր Դրինկմանին, Ալեքսանդր Կալինինին, Ռոման Կոտովին, Դմիտրի Սմիլյանեցին, ինչպես նաեւ Ուկրաինայի քաղաքացի Միխայիլ Ռիտիկովին մինչեւ 30 տարվա ազատազրկում է սպառնում:
Հանցավոր խումբը գործել է 7 տարի: Այդ ողջ ընթացքում նրանք անօրինական ճանապահով ինֆորմացիա են հավաքել պլաստիկ քարտերի սեփականատերերի մասին, իսկ հետո վաճառել դրանք: Նախնական տվյալներով` վնասը հարյուր միլիոնավոր դոլարներ է կազմել:
Հետաքննությունը պարզել է, որ հաքերական խմբի “ուղեղը” Դրինկմանն ու Կալինինն են եղել: Նրանք էլ հենց զբաղվել են տվյալների բազայի մեջ մուտք գործելով: Այնուհետեւ գործը շարունակել է Կոտովը, ով ինֆորմացիան փոխանցել է Ռիտիկովին: Վերջինիս առաջադրանքն է եղել ապահովել անանունությունը եւ “մաքրել կիբերհետքերը”: Սմիլյանեցի դերը կայացել է նրանում, որպեսզի ողջ խմբի աշխատանքն իզուր չանցնի եւ վաճառվի լավ գնով: Նրանց գործունեության արդյունքում տուժածների մի մեծ ցանկ է կազմվել, որոնց թվում կան նաեւ բավականին մեծ ձեռնարկություններ: