24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ ԱԳ նախարարն այցելեց Ստեփանակերտ

Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց ԼՂՀ արտգործնախարարության հիմնադրման 20-ամյակին նվիրված միջոցառմանը

Հուլիսի 19-ին Ստեփանակերտ ժամանած արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին հանդիպեց Արցախի նախագահ Բակո Սահակյանին:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը Արցախի Նախագահին ներկայացրեց հուլիսի 12-ին Վիեննայում Ադրբեջանի արտգործնախարարի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպման մանրամասները։

Նախագահ Սահակյանն ու նախարար Նալբանդյանը զրույց ունեցան Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ։

Հանդիպմանը երկուստեք կարեւորվեց Հայաստանի եւ Արցախի արտաքին գերատեսչությունների միջեւ ակտիվ եւ համակարգված աշխատանքը:

Հուլիսի 20-ին Էդվարդ Նալբանդյանը ԼՂՀ արտգործնախարարությունում հանդիպեց նախարար Կարեն Միրզոյանի, արտերկրում Արցախի ներկայացուցիչների եւ նախարարության աշխատակիցների հետ։ Շնորհավորելով արցախցի դիվանագետներին ԼՂՀ ԱԳՆ հիմնադրման 20-ամյակի կապակցությամբ՝ նախարար Նալբանդյանը նշեց, որ շարունակելու է համակողմանի աջակցությունը Արցախի արտաքին գործերի նախարարության գործունեությանը: Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, պատասխանեց արցախցի դիվանագետների հարցերին։

Նույն օրը ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում Էդվարդ Նալբանդյանը մասնակցեց Արցախի արտաքին գործերի նախարարության 20-ամյա տարեդարձին նվիրված հանդիսավոր նիստին։

Ելույթ ունենալով հանդիսավոր նիստին՝ նախարար Նալբանդյանը մասնավորապես, ասաց.

“Անկախ Արցախի արտգործնախարարությունը հիմնադրվեց պատերազմի պայմաններում։ Երկու տասնամյակ անց խաղաղ, գեղատեսիլ եւ բարեկարգ Ստեփանակերտում այս գեղեցիկ սրահում, այսքան տոնական տրամադրությամբ նշում ենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հիմնադրման 20-րդ տարեդարձը։

Այս քսան տարիները, որոնք հետագա սերունդների եւ պատմագիրների համար կթվան պատմական ակնթարթ, մեզ` ժամանակակիցներիս համար, ներկայացնում են մի ամբողջ դարաշրջան: Այն սկիզբ է առնում հանուն ազատության, հանուն արժանապատիվ ապագայի, Արցախյան փառահեղ հերոսամարտերով, եւ շարունակվում` պետականաշինության արդյունավետ աշխատանքով։

Արցախահայության համառ, անպարտելի ոգու, շինարար աշխատանքի ու մեծ կամքի շնորհիվ երկու տասնամյակի ընթացքում մեր հայկական երկրորդ պետությունն անցել է պետական ինստիտուտների հիմնադրման եւ կայացման կարեւոր ճանապարհ:

Այսօր, իր քսանամյակը բոլորած Արցախի արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանում եւ արտերկրում գործող իր մշտական ներկայացուցչություններով, իր նվիրված դիվանագետներով, առանցքային տեղ է զբաղեցնում Արցախի պետական կառույցների շարքում:

Արցախի պետականության ակունքներում արտաքին գործերի նախարարությունը Պաշտպանության բանակին զուգահեռ, պայքար էր տանում արտաքին ճակատում՝ Արցախի ձայնը լսելի դարձնելու ուղղությամբ:

Հատուկ երախտիքի խոսքերի են արժանի բոլոր նրանք, ովքեր իրնեց ներդրում են բերել այդ հայրենանվեր գործին։  

Եթե այսօր Արցախի ձայնը լսելի է տարբեր միջազգային հարթակներում, դա նախագահ Բակո Սահակյանի առաջնորդությամբ Լեռնային Ղարաբաղի իրականացվող ակտիվ արտաքին քաղաքականության շնորհիվ է։ Դա նաեւ ղարաբաղցի դիվանագետների աշխատանքի շնորհիվ է:

Արցախի Հանրապետության ձեւավորման եւ կայացման գործում արտաքին քաղաքական գերատեսչության ունեցած ավանդի եւ դերակատարության մասին է խոսում այն փաստը, որ ԼՂՀ երկրորդ նախագահ դարձավ արտաքին գործերի առաջին նախարարը այստեղ ներկա Արկադի Ղուկասյանը, որն այսօր նաեւ Հայաստանի Հանրապետության հատուկ հանձնարարություններով դեսպանն է։

Անկախությունից ի վեր Հայաստանի եւ Արցախի արտաքին գործերի նախարարությունների առանցքային խնդիրն է եղել եւ շարունակում է մնալ արցախյան հիմնախնդրի արդարացի եւ խաղաղ կարգավորումը:

Մեր ընտրած ուղու շնորհիվ արդեն հինգ տարի շարունակ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների ղեկավարներն անմիջական ուշադրության կենտրոնում են պահում արցախյան հիմնախնդրի կարգավորմանն ուղղված ջանքերը, ինչի վկայությունն են լ՛Աքվիլայում, Մուսկոկայում, Դովիլում, Լոս Կաբոսում եւ Էնիսքիլենում նրանց կողմից արված հայտարարությունները:

Մենք համոզված ենք, որ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչման հիման վրա հիմնախնդրի խաղաղ կարգավորումը այլընտրանք չունի: Այդ նպատակով մենք համատեղ եւ հետեւողական ջանքեր ենք գործադրում։ Երկու նախարարությունների միջեւ հաստատվել է սերտ համագործակցություն, որի վկայություններից է, որ այսօր ԼՂՀ արտգործնախարար Կարեն Միրզոյանը Հայաստանի դիվանագիտական ծառայության ամենափորձառու ներկայացուցիչներից մեկը։

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Արցախի արտգործնախարարության բոլոր նախկին եւ ներկա աշխատակիցներին իրենց ջանքերի, Արցախի շահերը արտերկրում պաշտպանելու գործում իրենց ներդրման համար, շնորհավորել արտգործնախարարության 20-ամյա հոբելյանի կապակցությամբ եւ նոր հաջողությունների մաղթանքներ հղելով` վստահեցնել, որ Մայր-Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը, ինչպես նախկինում, այսօր էլ իր բոլոր հնարավորություններով կանգնած է ձեր կողքին եւ շարունակելու է համակողմանի աջակցությունը Արցախի արտաքին գործերի նախարարության գործունեությանը:”

Նույն օրը Էդվարդ Նալբանդյանը վերադարձավ Երեւան։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ