Ո՞վ է ասել, որ մեր թիմը մեծամասնություն չի ունենալու. Արարատ Զուրաբյան
«ՀՀՇ-ում ընդգրկված են մարդիկ, ում արյան մեջ է քաղաքականությունը»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ծառուկյան» դաշինքով առաջադրված թեկնածու, ՀՀՇ վարչության անդամ Արարատ Զուրաբյանը` պատասխանելով հարցին, թե ինչով են զբաղվելու իր կուսակիցները, քանի որ միայն ինքն է ընդգրկված դաշինքի ցուցակում:
Նա նշեց, որ ասելիք ունի, և դրա տեղը խորհրդարանն է: Հարցին, թե իրենց դաշինքը, հնարավոր է, դուրս գա, անցնի հրապարակային պայքարի, նա պատասխանեց. «Ամեն ինչ էլ հնարավոր եմ համարում: Բայց եկեք, չշտապենք, ընտրությունները կկայանան, արդյունքները կլինեն, կտեսնենք: Ո՞վ է ասել, որ մեր թիմը մեծամասնություն չի ունենալու»:
Արարատ Զուրաբյանը չհամաձայնեց այն տեսակետի հետ, թե դաշինքները գաղափարական հենքի վրա չեն առաջացել և միայն արևի տակ իրենց տեղը գտնելու համար են մասնակցում քաղաքական գործընթացներին, մասնավորապես ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:
«Քաղաքական ուժերը փորձելու են ձևավորել մեծամասնություն, մի մասը փորձելու է մտնել պառլամենտ: Փառք Աստծո, «Ծառուկյան» դաշինքի մոտ այդ խնդիրը չի դրված, դրված է առավելություն ստանալն ընտրություններում»: