Կշահեն Սյունիքն ու սյունեցին. Վահե Հակոբյան
Հուլիսի 16 ին ՀՀ Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը հանդիպում է ունեցել արեւմտյան խոշոր բանկերի ներկայացուցիչների հետ, ովքեր Քաջարան են ժամանել “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ -ի ղեկավարության ներկայացրած նոր զարգացման ծրագրին ծանոթանալու ու խոշոր վարկավորման հնարավորությունները քննարկելու նպատակով:
Մարզպետ Վ. Հակոբյանը բարեհաջող ընթացք մաղթեց նրանց առաքելությանը եւ հույս հայտնեց, որ մոտ ապագայում բանկերի եւ “Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ համագործակցության արդյունքները նկատելի կլինեն նաեւ երկրամասի բնակչության համար: Նշվեց, որ մարզային իշխանության գերխնդիրը տնտեսության համաչափ զարգացմանը նպաստելն է, որին կարելի է հասնել լեռնահանքային ձեռնարկությունների համար ներդրումային բարենպաստ միջավայրի ստեղծումով:
Մարզպետը շեշտեց, որ այսօր հասարակության գրեթե բոլոր շերտերի ուշադրությունը սեւեռված է բնապահպանական հիմնախնդիրներին, արտադրական ծավալների մեծացմանը: Նշվեց նաեւ, որ նոր տեխնոլոգիաների ներդրմանը զուգահեռ առավել հիմնավոր լուծումներ պետք է գտնել շրջակա միջավայրին պատճառած վնասները նվազագույնի հասցնելու, միաժամանակ առողջապահական լայնածավալ ծրագրեր իրականացնելու համար:
Մարզպետ Վ. Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ այսօրվանից հիմք կդրվեն փոխշահավետ համագործակցության եւ համատեղ գործունեության արդյունքում կշահեն Սյունիքի մարզն ու սյունեցին:
Այս մասին տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանի կայք-էջը: