Արմավիրում վարչապետն անեկդոտ պատմեց ու իր ցանկությունները հղեց
Մեր թիմն ունի ամենամեծ կառավարման փորձը. այսօր Արամվիրում նախընտրական հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Ըստ նրա՚՚ ՀՀԿ-ը տարիների ընթացքում սխալներ ունեցել է, ինչի մասին ասում է, իսկ այդ հայտարարության համար էլ բավական մեծ համարձակություն է անհրաժեշտ: Կարեն Կարապետյանը նաև խոստովանեց, որ կյանքում առաջին անգամ է նման ձևաչով հանդիպում անցկացնում, ապա մի անեկդոտ հիշեց ու պատմեց. «Գինովցած տղամարդը երբ հերթական անգամ վերադառնում է տուն, կինն ասում է, հը՞, էս անգամ ի՞նչ ես ասելու: Տղամարդը պատասխանում է, դե դու խելոք ես, գիտես, ինչ պիտի ասես, ասա»:
Նա հավելեց, որ այդ սխալների համար եղել են և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ: «Օբյեկտիվ պատճառները, տարածաշրջանի մարտահրավերներով պայմանավորված, դեռ լինելու են: Մեր թիմը, մյուսներից տարբերվում է, քանի որ մենք գիտենք այդ թակարդները, և մեծ հավանականություն կա, որ հերթական անգամ այդ թակարդներ չենք ընկնի: Մեր թիմի ներսւոմ քննարկելիս, հավատացեք, շատ ավելի կոշտ ենք խոսում, քան դուք լսում եք:
Մենք հայտարարել ենք, որ փոխվելու ենք, մեր կողմից, կարծում եմ, քայլեր նկատել եք: Թիմը համալրվում է եռանդուն, երիտասարդ, բանիմաց կադրերով»,-ասաց Կարապետյանը, նշելով, որ հին թիմի ու նոր թիմի անդամները միահամուռ են նպատակների շուրջ:
Վարչապետն ասաց, որ ունեն ձևավորված տնտեսական զարգացման տեսլական. «Ախտորոշել ենք յուրաքանչյուր ճյուղի առաջ կանգնած խնդիրները, ձևակերպել ենք այն տեսլականը, թե ինչպես պետք է գնանք առաջ, գիտենք, թե ինչ թիմով ենք գնալու առաջ, այդ ծրագիրը ներկայացրել ենք ձեր քննարկմանը, որևէ խոստում, որը պոպուլիստական է, ձեզ հաճոյանալու համար, այնտեղ չկա»: Ինչ-որ գրված է, հստակ է, և մենք դրա համար պատասխան ենք տալու»:
Նա նաև հորդորեց մինչև ապրիլի 2-ն ուսումնասիրել բոլոր ուժերի ծրագրերը ու հասկանալ՚ ում են ընտրելու: Կ. Կարապետյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ իրենք ավանտյուրաներ չեն անելու, դրանց չեն տրվելու, պոպուլիզմին էլ զոհ չեն գնալու:
«Սիրելի ժողովուրդ, խնդրում եմ լինել լավատես և լավին տրամադրված, որովհետև առանց այդ տրամադրության փոփոխություն անել, առաջ շարժվել անհնար է եղեք մեկդ մյուսի նկատմամբ հանդուրժող: Ցանկանում եմ, որ ձեր ընտանիքներում միշտ լինի ջերմ ու բարի միջավայր, ցանկանում եմ, որ ձեր երեխաները միշտ ձեզ ուրախացնեն, ցանկանում եմ, որ ամեն տարի զգաք, որ ձեր կյանքը փոխվում է դեպի լավը»,-ասաց նա՚ հավելելով, որ այս կետերի կատարման համար ապրիլի 2-ին պետք է ձայն տալ Հանրապետական կուսակցությանը: