Լինդսի Լոհանի կյանքը կցուցադրվի ռեալիթի շոուում

Օփրա Ուինֆրիին պատկանող “Oprah Winfrey Network” կաբելային հեռուստաալիքի եթերում այսուհետ կհեռարձակվի ռեալիթի շոու, որի շրջանակներում հեռուստադիտողը կարող է հետեւել Լինդսի Լոհանի կյանքին: Հետաքրքիրն այն է, որ շոուի ցուցադրման գաղափարը պատկանում է հենց Լինդսիին: Հենց որ ավարտվի նրա բուժման կուրսը կլինիկայում, աստղը գործի կանցնի:
Ըստ Լինդսիի եւ Օփրայի պայմանավորվածության` շոուի համար նախապես կնկարահանվի 8 սերիա, որոնցում փաստագրական ոճով կցուցադրվի` ինչպես է անցնում աստղի օրը: Օփրան կարծում է, որ Լինդսիի համար դա լավ փորձ կլինի: Միգուցե նա որոշի վերջ դնել վնասակար սովորություններին` իմանալով, որ իրեն նկարահանում են:
Դատարանի որոշման համաձայն` Լինդսին կլինիկայում պետք է մնա մինչեւ հուլիսի 31-ը, որից հետո էլ կզբաղվի նկարահանումների կազմակերպմամբ: Նախագծի եթեր հեռարձակումը կկայանա 2014-ին: